Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում էր բուհում աշխատել որպես պրոֆեսոր, ուրբաթ օրը դիմում է գրել աշխատանքից ազատման մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սուրեն Զոլյանը նախկինում համատեղում էր ռեկտորի և դասախոսի աշխատանքները (քառորդ դրույքով) և, ազատվելով ռեկտորի պաշտոնից, պիտի տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, իսկ այդ տեղափոխումը, ըստ Զոլյանի դիմումի, անհարկի ձևով ձգձգվում է:
«Նման պայմաններում ես հնարավոր չեմ համարում իմ` օրինական որևէ ձևով չվավերացված պրոֆեսորի գործունեությունը: Ուստի խնդրում եմ ձեզ ազատել ինձ լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի համատեղության կարգով 0.25 դրույքով պրոֆեսորի հաստիքից և կատարել վերջնահաշվարկ», – իր դիմումում նշել է Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքով` իրեն պրոֆեսորի աշխատանքի տեղափոխելը ձգձգել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և աշխատակազմի ղեկավարը:
«Սկսել են ինչ-ինչ անհեթեթ պատմություններ պատմել, թե ես դիմում չեմ գրել, թե ես պիտի իմ համաձայնությունը տամ: Եթե ես մտնում եմ լսարան, ուրեմն ես իմ համաձայնությունը տվել եմ աշխատելով, ոչ թե ես պիտի գամ իրենց ասեմ` գիտես, ես համաձայն եմ աշխատել: Եթե ես մտնում եմ լսարան, տետրեր եմ ստուգում, թվանշաններ եմ դնում, ինչի՞ մասին է խոսքը: Այդ պատճառով ես գրեցի իմ դիմումը, թող ովքեր որ այսպիսի վիճակ են ստեղծել, մտնեն լսարան և դասընթացները կարդան, ինչպես նաև թող ընդունեն թեկնածուականները», – ասել է Սուրեն Զոլյանը:
Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ դիմումը դեռ չի մակագրել` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանը աշխատանքից հեռացվել էր ապրիլի 17-ին: Համալսարանի մի խումբ ուսանողներ կազմակերպեցին բողոքի ցույցեր: