«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարի առաջին էջի նկարում պատկերված է ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից Արմեն Զատիկյանը, ով ձեռնափայտով է: Թերթը գրում է, որ Արմեն Զատիկյանը ոտքի լուրջ վնասվածք էր ստացել ամիսներ առաջ:
«Այս տարվա փետրվարին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ վարչապետի թիկնապահ Արմեն Զատիկյանը ոտքից բավական ծանր հրազենային վնասվածք է ստացել: Եվ ամենաուշագրավն այն էր, որ, ըստ լուրերի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր որսի ժամանակ պատահաբար կրակել իր թիկնապահի ոտքին: Մի քանի օր անց` փետրվարի 29-ին վարչապետը ազգային ժողովում լրագրողների հետ զրուցելիս հերքեց, թե ինքն է կրակել իր թիկնապահի ոտքին և հայտարարեց, որ Արմեն Զատիկյանի հետ ինչ-որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Անցած չորս ամիսների ընթացքում ոչ ՀՀ ոստիկանությունը, ոչ էլ այլ իրավապահ մարմին, լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան, այդպես էլ որևէ տեղեկություն չհաղորդեցին դեպքի մասին, ոչ մի մանրամասն չներկայացրին` ոչ հերքեցին, ոչ հաստատեցին` վարչապետն է կրակել , թե` ոչ», – գրում է թերթը:
Երեկ «ՀԺ»-ին ՀՀ ոստիկանությունից խոստացել են դեպքի մանրամասներին վերաբերող հարցմանը պատասխանել առաջիկայում:
«Փաստորեն, մամուլում տարածված այն տեղեկությունը, թե վարչապետը պատահաբար կրակել է իր թիկնապահի ոտքին, հերքել է միայն ինքը` Տիգրան Սարգսյանը: Ընդամենը հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը մի քանի ամիս առաջ հերքում էր նաև, թե ինքը Թաթայի համերգի ժամանակ Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալիս հարբած է եղել, չնայած ելույթի տեսագրությունը դիտել են բազմահազար մարդիկ, և բոլորն էլ տեսել են` հարբա՞ծ է արդյոք վարչապետը: Եվ, ուրեմն, վարչապետի հերքումները, մեղմ ասած այնքան էլ վստահություն չեն ներշնչում»: