Միասեռականների և նրանց պաշտպանողների դեմ ուղղված ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ցրում է կասկածները այն մարդկանց մոտ, ովքեր չէին հավատում, որ իշխանությունները իրոք նացիստ ու ֆաշիստ են: Մեկնաբանելով Շարմազանովի խոսքերը` Epress.am-ի հետ զրույցում ասել է արվեստագետ Արման Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ Շարմազանովը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»: Շարմազանովը իր կարծիքի իրավացիությունը ապացուցելու համար մեջբերել է աստվածաշնչյան տողեր:
«Իրենք ոչ մի կապ չունեն անցյալի հետ, դրա համար էլ կան մարդիկ, որոնք կարծում են, որ միասեռականների իրավունքների համար պայքարը ժամանակավրեպ է: ՀՀԿ-ն կապ չունի մշակույթի հետ և տեղյակ չէ, թե որքան առաջադեմ են եղել 20-ականների կուսակցությունները Հայաստանում, որոնք չեն ունեցել միասեռականներին դատապարտող օրենք: Դա ընդունել է միայն Ստալինը, իսկ հհկ-ականներն էլ Ստալինի սդաչիներն են: ՀՀԿ-ն մի նպատակ ունի` տեռորի միջոցով ահաբեկել մարդկանց, դարձնել նրանց ամբոխ»,- ասել է Արման Գրիգորյանը:
Անդրադառնալով DIY բարը նացիստների կողմից ոչնչացնելուն և դրա շուրջ ստեղծված հասարակական քննարկումներին` արվեստագետը առաձնացրել է մարդկանց երկու խումբ. մի մասը կանգնած է կյանքը պաշտպանելու համար, մյուս մասը` կյանքը ճնշելու համար:
«Այս երկրորդ խումբը զբաղվում է դեմագոգիայով, բայց բնավ նշանակություն չունի` ինչ դիրքերից է կյանքը ոչնչացվում: Նույն դեմագոգիայի կեցվածքն է, ինչ մի ամիս առաջ, երբ խոսում էին արդար ընտրություններ անցկացնելուց», – ասել է արվեստագետը:
Ըստ Գրիգորյանի` կա նաև մի խումբ, որը խուսափում է հարցը քննարկելուց. այս խումբը քաղքենի մադրիկ են, ում ֆաշիզմը վախեցրել է, ովքեր գտնվում են ավազակապետության ստեղծած տեռորի ազդեցության տակ:
Արվեսատգետի բնորոշմամբ` այն իրավիճակը, որում հայտնվել է DIY-ի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ), շատ նման է Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» (լուսանկարում) նկարին, քանի որ ռեժիմի տեռորը հասարակության մի մեծ մասին ամբոխ է դարձրել: Ըստ Արման Գրիգորյանի` դրա վառ ապացույցն էին նաև ընտրությունների ժամանակ համատարած բնույթ կրող ընտրակաշառքները:
«Հենց նման քաղաքականությունն է խայտառակում պետությանը», – ասել է Գրիգորյանը: