«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 43 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը (լուսանկարում) երեկ բանտում հանդիպել է որդուն և հորդորել է դադարեցնել հացադուլը:
Epress.am-ի հետ զրույցում Զվարթ Կիրակոսյանն ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել տղային:
«Երբ գրկեցի որդուս, այնպիսի զգացողություն էր մոտս, ասես գրկում եմ նրա անշնչացած մարմինը: Այնքան եմ խնդրել, աղաչել, բայց Սուրենն անդրդվելի է: Ասում է ՝ մամ, ապրել չեմ ուզում, թող հանգիստ մեռնեմ», – պատմել է Զվարթ Կիրակոսյանը:
Մոր խոսքով՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետն ու աշխատակիցները միաբերան պնդել են, որ մայրը համոզի տղային, որպեսզի վերջինս թույլ տա իրեն առաջին բուժօգնություն ցույց տալ:
«Ինձ ասել են, որպեսզի դիմեմ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրանքով, որպեսզի հանձնարարի Սուրենին տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց: Միայն այս կերպ է հնարավոր տղայիս դուրս բերել այս վիճակից», – ասել է Կիրակոսյանը:
Այսօր 11:30-ի սահմաններում զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն այս պահին գնում է Քրեակատարողական վարչություն՝ դիմում գրելու:
Նշենք, որ երեկ Սուրեն Կիրակոսյանին Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի իր գործով դատական նիստին, սակայն Սուրենի ինքնազգացողության վատացման պատճառով նիստը չէր կայացել:
Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: