Հայաստանի լիբերալ կուսակցության քաղխորհրդի անդամներ Վաղինակ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը լքել են կուսակցությունը:
Epress.am-ի հետ զրույցում Լիլիթ Մակունցն ասել է, որ ինքն իր որոշումը կայացրել է մայիսի 7-ին` ընդհանրապես դադարեցնելով քաղաքական գործունեությունը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարել է ՀԱԿ-ից դուրս գալու մասին, որին անմիջապես հետո ՀԼԿ-ն լքել են կուսակցության Գյումրիի պատասխանատու Վահագն Խաչատրյանը և քաղխորհրդի հիմնադիր անդամ, նկարիչ Վահրամ Հարությունյանը` մնալով ՀԱԿ-ի կազմում:
Epress.am-ի հետ զրույցում Վահրամ Հարությունյանն ասել է, որ երեկ ՀԼԿ-ի քաղխորհրի նիստին ինքը չի մասնակցել, քանի որ իրեն նիստի մասին տեղյակ են պահել այն սկսվելուց րոպեներ առաջ:
«Իրենք Կոնգրեսից դուրս գալու որոշում են կայացրել առանց ինձ: Ես կուսակցությունից դուրս կգամ: Իհարկե, ափսոսում եմ: Ցանկալի չէր, որ նման բան լիներ: Բայց եթե մի վարչություն որոշում է դուրս գալ Կոնգրեսից, ես էլ այդ կուսակցությունից եմ դուրս գալիս, որովհետև ես ինձ զգում եմ միայն Կոնգրեսի մեջ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած և դա ինձ համար պատիվ է: Որովհետև այսօր, իմանալով երկրում` ինչ է կատարվում, ու ինչ-որ ամբիցիաների ու մարտավարության խնդիր է բարձրացվում, առանց քննարկելու քաղղխորհդրի նիստ են անում ու ինձ 15 րոպե առաջ են տեղեկացնում դրա մասին, ես էդտեղ լավ բան չեմ տեսնում», – ասել է Վահրամ Հարությունյանը:
Նրա խոսքով` ընդդիմադիր շարժումը շատ ավելի կուռ է լինելու, Կոնգրեսն ավելի է ուժեղանալու է, և ժամանակը կփաստի դա:
« 2008 թվականին կրակոցներից, բանտերից հետո թվում էր, թե ընդդիմությունը չկա, բայց մոխրի մեջից դուրս եկավ ու ամենուժեղը դարձավ: Եվ այսօր էլ ես գտնում եմ, որ ամենկուռ ուժն է, իսկական ընդդիմությունը, առաջին հերթին, Կոնգրեսն է, էն 100 -150 հազար մարդիկ, որ կարողացել են չվախենալ ու մեզ ձայն տալ: Ես գտնում եմ, որ այդ ձայներն ընդդիմության համար, շատ թանկարժեք են: Իսկ այն յոթ հոգու հետևում, որ գնում են պառլամենտ, կանգնած են տասնյակ հազարավոր մարդիկ ցանկացած պահի», – ասել է Վահրամ Հարությունյանը: