Գյումրիի քաղաքապետն առհասարակ ցանկություն չունի այլևս պատասխանելու իր հասցեին հնչող մեղադրանքներին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին փոխանցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը` ի պաստասխան այն հարցադրմանը,թե ինչ է մտածում Վարդան Ղուկասյանը կուսակիցների կողմից իր հասցեին հնչող մեղադրանքների մասին:
Նշենք, որ Շիրակի մարզում ընդգրկված 4 ընտրատարածքներից 3-ում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն, և միայն թիվ 33 ընտրատարածքում, որտեղ ԲՀԿ-ական առաջադրված չի եղել, հաղթել է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ վերջինս պնդել էր, թե Գյումրիում ՀՀԿ-ի պարտության հիմնական մեղավորը Վարդան Ղուկասյաննն է:
«Պատճառը մարզային կառույցի ղեկավար Վարդանիկ Ղուկասյանն էր` իր ոչ ճիշտ քաղաքական ելույթներով հանդերձ…», – ասել էր Աշոտ Աղաբաբյանը, ապա հավելել, որ եթե նա հրաժարականի դիմում գրի, «դա իր կողմից տղամարդկություն կլինի»:
Ի պատասխան Աշոտ Աղաբաբյանի խոսքերի` Լիլիթ Աղեկյանն ասել է. «Գյումրիի քաղաքապետը ցանկություն չունի ոչ մի հարցազրույց տալու, բայց ես կասեմ հետևյալը. լավ կլիներ, որ բոլոր արտահայտություններում և հարաբերություններում պահպանվեր կոռեկտությունը: Հայտարարում եմ, որ Գյումրիի քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, ով բնկի գյումրեցի է և խոր արմատներ ունի գցած այս հողում, իր աշխատանքով բազմիցս ապացուցել է իր նվիրումը ՀՀԿ-ին և Գյումրիին: Դա գիտեն բոլոր նրանք, ովքեր, լինելով Վարդան Ղուկասյանի հետ նույն կուսակցությունում, ցավոք, խիստ իրավիճակային դիրքորոշում են ցուցաբերում, մեկ գովաբանելով-փառաբանելով նրան` հայցում են քաղաքապետի ընկերությունը և մեկ էլ զարմանալիորեն բոլորովին այլ դիրքորոշում և կեցվածք են դրսևորում»: