Երեկ ժամը 22.00-ի սահմաններում Նուբարաշենի ավտոշուկայից 200 մետր հեռավորության վրա տեղի է ունեցել ավտովթար: Epress.am-ի հետ զրույցում վթարի ականատեսը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ միմյանց են բախվել մոխրագույն «Տոյոտա Քեմրին» և E դասի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա Քեմրիի» մեջ են եղել չորս ուղևորներ, որոնց թվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաև վարորդը և մի աղջիկ: Ականատեսը պատմել է նաև, որ վթարից անմիջապես հետո մեքենաներից հանվել են համարանիշները և ինքը չի տեսել դրանք:
Նա ընդգծել է, որ վթարի հետևանքով զոհեր չեն եղել, տուժել են միայն ավտոմեքենաները: Վթարից հետո պատգամավորներին է մոտեցել 002 ՕՕ 01 համարանիշներով սև գույնի «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենա, որի մեջ նրանք նստել են և հեռացել:
Epress.am-ը տեղեկությունը ճշտելու համար զանգահարել է Հերմինե Նաղդալյանին, որը հերքել է իր` վթարի ենթարկվելու փաստը և ծիծաղելով նշել հետևյալը. «Կարո՞ղ է հիվանդանոցում եմ, գլուխս էլ փաթաթած է»:
Գալուստ Սահակյանի հեռախոսն անհասանելի էր: