Մայիսի 20-ին Գյումրիում Նորավան թաղամասի իր` 140/008 տնակից հարազատները թաղեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանին, ով բանակ էր զորակոչվել 2011-ի դեկտեմբրի 28-ին: Այս մասին հայտնում է asparez.am-ը:
Ըստ հարազատների պատմածների` զինվորը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում` ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, և Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից»:
Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին և ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է:
Մեռելատուն էին այցելել Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակիցները: Թաղման թափորը ձգվում էր մոտ մեկ կիլոմետր:
Չնայած լրագրողների համառ որոնումներին, պարզվեց, որ այս մահվան մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածվել, թեպետ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
Լուսանկարը` asparez.com