Մայիսի 25-ին հայաստանյան դպրոցներում կհնչի դպրոցական վերջին դասի վերջին զանգը: Շուրջ 40.000 12-րդ դասարանցիներ ավարտելու են դպրոցը ու հանձնելու են ավարտական ու միասնական քննությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Այն աշակերտները, որոնք պետք է բուհ ընդունվեն, բուհում պահանջվող առարկան հանձնելու են միասնական ձևով»,- ասել է Հովհաննիսյանը:
Խոսելով դպրոցներում «Վերջին զանգի»-ի ու ավարտական երեկոյի համար հավաքվող գումարների մասին՝ Հովհաննիսյանն ասել է. «Նախորդ տարիների համեմատ այս տարի թեժ գիծը համամատաբար հանգիստ է, գրեթե բողոքներ չկան, եղել են հատուկենտ զանգեր՝ մեկ-երկուսը, ու վերջ», – նշել է նա:
Հովհաննիսյանի հավաստմամբ` ավարտական դրամահավաքի բողոքների վերաբերյալ զանգերի գերակշռող մասը Երևանից են, մարզերից գրեթե բողոքներ չկան:
«Մեր կողմից ուսումնասիրված զանգերը հիմնականում վերաբերել են ծնողների կողնից նախաձեռնած ավարտական խնջույքներին, քանի որ այս դեպքում են պահանջվում մեծ գումարներ, ընդ որում` երեխաները գնում են ոչ մենակ, այլև՝ ծնողների հետ: ԿԳ նախարարի կողմից շրջաբերականններ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի երեխաները իսկապես մայիսի 25-ը դիտարկեն որպես «Վերջին դասի վերջին զանգ» և խուսափեն տարատեսակ ճոխություններից՝ մեքենաներ վարելուց, ալկոհոլ օգտագործելուց և այլն: Բոլորը զգուշացվել են՝ տնօրեն-ծնող- ծնողկոմիտե-աշակերտ, իսկ ոստիկանների հետ աշխատանքներ են տարվում ու միջոցներ են ձեռնարկվում՝ այդ օրը իսկապես տոնական դարձնելու ուղղությամբ», – նշել է նա: