Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանին, ով արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:
Հանդիպումից հետո Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» անունից նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ներկայացնելով Կիրակոսյանի ծանչ վիճակը:
«Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետևանքներ թողնել նրա առողջության վրա, այլև լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում և ծնողների միջամտությամբ:
Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:
Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են», – ասված է նամակում:
Հիշեցնենք, որ օրերս Սուրեն Կիրակոսյանին Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի նա մասնակցի իր գործով դատական նիստին, սակայն Սուրենի ինքնազգացողության վատացման պատճառով նիստը չէր կայացել:
Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: