ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը (լուսանկարում` աջից) վախկոտ է և ստախոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ում Աշոտյանը երկու նկատողության համար աշխատանքից հեռացրել էր նախորդ ամիս:
«Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ուզում է, որ հարցը լուծվի իրավական դաշտում, որ ինքը պատրաստ է դատարան գնալ, որ ինքը կսպասի դատարանի որոշմանը, բայց, ինչպես ասում են, գող` սիրտը դող: Ի՞նչ է խնդրում պարոն Աշոտյանը դատարանից: Համաձայն վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների, պետք է նշվի գործի մասնակիցների անունները: Բողոք բերող անձը (այսինքն Սուրեն Զոլյանը – խմբ.) դատարան դիմելիս նշել է` «Երևանի ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյան», այնինչ` [Աշոտյանը նշում է, որ] ՀՀ կրթության գիտության նախարարի հրամանով գործադիր մարմնի ղեկավար ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունը դադարեցվել է, հետևաբար նա Վերաքննիչ դատարան բողոք չէր կարող տալ և ներկայնալ որպես ռեկտոր: Ուստի, նա խնդրում է մերժել վերաքննիչ բողոքը և վարչական դատարանի հայցադիմումի ընդունման մասին մերժելու որոշումը թողնել անփոփոխ», – ասել է Սուրեն Զոլյանը: Նա հիշեցրել է, որ ինքը դատարան է դիմել այս տարվա ապրիլի 13-ին` առաջին նկատողությունը վիճարկելու համար, և այդ ժամանակ ինքը դեռ ռեկտոր է եղել: Հիշեցնենք, որ, համաձայն նախարարության, առաջին նկատողությունը տրվել է այն բանի համար, որ Սուրեն Զոլյանը բացակայել է երկրից առանց զգուշացնելու ԿԳ նախարարին:
Բրյուսովի նախկին ռեկտորն անդրադարձել է Աշոտյանի հայտարարությանը «Սուրեն Զոլյանի իրավական առումով ապիկարության մասին»` առաջարկելով սպասել դատարանի որոշմանը և դրանից հետո եթե պարզվի, որ ինքն իրավական առումով ապիկար է, ապա հետագայում ոչ ներկայացուցչական, ոչ ղեկավար պաշտոն չի զբաղեցնի:
«Մենք կարող ենք արձանագրել, որ նախ` պարոն Աշոտյանը սուտ է ասել, ուրեմն ինքը ստախոս է: Եթե ասել ես` «հանդիպենք դատարանում», բայց չես գալիս… եթե պարոն Աշոտյանը վախենում է գալ դատական քննության, ուրեմն այդ մարդը, նաև վախկոտ է: Ինչպես կարելի է, եթե հայցադիմումը տրված է ապրիլի 13-ին, երբ ես ռեկտոր եմ եղել, ես վիճարկում եմ նկատողությունը, որ ստացել եմ որպես ռեկտոր… եթե ես այն ժամանակ ռեկտոր չեմ` ինչի համար է նկատողություն տրվում: Ուրմեն այդ մարդու մտավոր ունակությունների մասին դատողությունը թողնում եմ ձեզ», – ասել է Զոլյանը:
Երկրորդ հայցադիմումը, որը դարձյալ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Սուրեն Զոլյանն այլևս ռեկտոր չէ, վերաբերվում Աշոտյանի կողմից արված երկրորդ նկատողությանը: Զոլյանը նշել է, որ երբ ինքը մեկնել է Ստրասբուրգ, Աշոտյանը իր մեկնելուց անմիջապես հետո առանց որևէ մեկին տեղյակ պահելու ստուգում է նշանակում Լեզվաբանական համալսարանում, և այդ ստուգումների արդյունքում արձանագրում, որ Զոլյանը տարիներ շարունակ տվել է գոյություն չունեցող մասնագիտությունների դիպլոմներ, ինչպես նաև պետական նմուշին չհամապատասխանող դիպլոմներ:
«Բանդիտների նման մտել են համալսարան ու սկսել են իրենց ստուգումները, իսկ մեթոդները ստուգողների իրոք բանդիտական են եղել: Որովհետև մարդը եթե օրենքներից տեղյակ չի, գործում է որպես բանդիտ: Ես իմ ասածի տերն եմ, և այդ ակտը կա: Մենք ունենք այդ մասնագիտությունների լիցենզիա, եթե նախարարը կամ իր վարչության պետերը տեղյակ չեն, որ գոյություն ունեն ինչ-ինչ մասնագիտություններ` դա չի նշանակում, որ էդ մասնագիտությունը գոյություն չունի: Չի կարելի ամբողջը սեփական տգիտության մակարդակով չափել» , – ասել է Սուրեն Զոլյանը:
Նախկին ռեկտորի խոսքով` պետական նմուշին չհամապատասխանելը ստուգողները պատճառաբանել են նրանով, որ մասնագիտությունների անունների բոլոր տառերը մեծատառով չեն գրված:
Լրագրողների այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչն է եղել Զոլյան-Աշոտյան հակամարտության իրական պատճառը, Սուրեն Զոլյանը, ըստ էության չի պատասխանել, նշելով, որ հակամարտության հետևում անձնական պատճառներ չկան: