Կոալիցիա մտնելը բերում է ընտրողների վերախմբավորմանը, վերամիավորմանը, իսկ քաղաքական ուժերը կարծում են, թե իրենք են ձևավորում քաղաքական էլեկտորատը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ուժերին նախապատվություն տալիս են ընտրողները, ընդ որում, հույս ունենալով, որ կգան իշխանության ու պաշտոններ կստանան: Երբ առաջարկ է արվում մտնել կոալիցիա, առաջին հերթին, մտածում ես այն ակտիվի մասին, որը ձայն է տվել ու աջակցել է կուսակցության հաղթանակին: Առաջնորդն իրավունք չունի հրաժարվել դրանից, որովհետև նա կորցնելու է իր աջակցողներին», – նշել է Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում կոալիցիայից դուրս գալը:
«ՀՅԴ-ն, երևի, միակ լուրջ կադրային կուսակցությունն է, որն ունի հստակ գաղափարախոսություն, ունի բավական լավ կազմակերպված ակտիվ ու անկախ կոալիցիա կազմելուց՝ ունի իր էլեկտորատը: Դուրս գալով կոալիցիայից` ՀՅԴ-ն երկու անգամ 11 պատգամավորական տեղ կորցրեց: Մնալով կոալիցիայում` կարող էր այդ տեղերին նորերը գումարել»,- նշել է սոցիոլոգը:
Խոսելով ՀԱԿ-ի մասին` Ադիբեկյանը շեշտել է, որ նրանք ինքնամեկուսացված են ու դժվար թե «ավազակապետության» մաս դառնան, կամ «ավազակապետության» հետ կիսեն իշխանությունը, այնպես որ, ՀԱԿ-ի` կոալիցիա կազմելու մասին խոսելու իմաստ չկա:
«Թեև այս փուլում ԲՀԿ-ն հույս ուներ դառնալ բացարձակ մեծամասնություն, ինչը չստացվեց, սակայն կրկնապատկեց իր ձայները՝ մնալով կոալիցիայի մեջ: Մի քիչ ընդդիմադիր կեցվածք ընդունելով՝ ԲՀԿ-ն կրկնապատկեց իր ձայները: Մեր հաշվարկներով՝ նրա 30 տոկոս ձայների մեջ 13 տոկոսը ընդդիմադիր, 17 տոկոսը իշխանական դաշտից են: Եթե հանկարծ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, հաջորդ ընտրությանը իր 17 տոկոսից կմնան շատ քիչ ձայներ: Հետևաբար, մտածելով
կուսակցության ապագայի վերաբերյալ, կոալիցիայում մնալը թույլ կտա ԲՀԿ-ին պահպանել էլեկտորատը, և, ինչու չէ, կարող են դառնալ նաև մեծամասնություն», – նկատել է Ադիբեկյանը:
Նա նաև ընդգծել է, որ արդեն նշմարվում է եռաթև կոալիցիայի ուրվագիծը՝ ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ:
«Նկատի ունենք, որ ՀՀԿ-ի ցուցակում ներկայացված են ևս երկու կուսակցության առաջնորդներ Խոսրով Հարությունյանն ու Արտաշես Գեղամյանը, այնպես որ, ՀՀԿ-ի առաջնորդի գաղափարական լայն կոալիցիան արդեն գործում է, անկախ նրանից՝ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմեն կոալիցիա, թե ոչ», – ասել է նա:
Ադիբեկյանը նաև հույս է հայտնել, որ քաղաքական առաջնորդները կունենան այնքան իմաստություն ու ապագայի հստակ ընկալում, որ կմոռանան ընտրական շրջանում իրար հասցեագրված բոլոր վիրավորանքներն ու կանցնեն արդյունավետ, կառուցողական աշխատանքի:
«Լավ կլինի, որ ՀՅԴ-ն մոռանա այն խնդիրները, որ հասցեագրել է կոալիցիային, ինչու չէ նաև «Ժառանգությունը» մտնեն կոալիցիա ու լուծեն այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև: Ամենակարևորն այն է, որ էլեկտորոտը մնում է կայուն, անցուդարձ ու խառնաշփոթ չի լինում», – նշել է Ադիբեկյանը: