Երեկ երեկոյան ՀՅԴ Գերագույն մարմինը Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ դռնփակ նիստ է անցկացրել, որի րնթացքում մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Որոշվել է գործարար Հրանտ Վարդանյանի մերձավորներից մեկի` «Գրանդ Հոլդինգ» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանի հերթը առաջ գցել ՀՅԴ ցուցակում ու նրան ևս մանդատի տեր դարձնել», – մասնավորապես գրում է «ՉԻ»-ն` ավելացնելով, որ քննարկվել է նաև վիճահարույց հարց` կապված «կառավարության հետ մշտապես «մենամարտած» Արծվիկ Մինասյանի հետ, որին խորհրդարան վերադարձնելու որոշումը այնքան էլ դուր չի եկել դաշնակցական Ադվան Վարդանյանին»:
Թերթն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, Մինասյանին խորհրդարանում ուզում է տեսնել դաշնակցության ներսում գլխավոր խաղացող Հրանտ Մարգարյանը` համոզմունք ունենալով, որ Մինասյանը առաջիկայում էլ կարող է առճակատման գնալ նոր ձևավորվող կառավարության հետ:
Նշենք, որ ՀՅԴ-ից համամասնական ցուցակով 5 պատգամավոր է անցել խորհրդարան: Ցուցակի առաջին 5 համարներն են` Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշ Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան: Արմեն Բաբայանը ցուցակում 7-րդն է: