2012թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում Վարդգես Գասպարիից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2012թ. մայիսի 6-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մուտքի մոտ («Արեգնազան» դպրոց), որտեղ ինքը ներկա է եղել որպես պատգամավորի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի վստահված անձ, ինչ-որ անձինք կուտակումներ ստեղծելով, խոչընդոտել են իր` որպես վստահված անձի աշխատանքների իրականացմանը, դրսևորել խուլիգանական պահվածք:
ՀՀ դատախազության հաղորդագրության համաձան, մասնավորապես, Վ. Գասպարին նշել է, որ իրեն սպառնացել են, ինչի մասին ինքը հայտնել է տեղամասում գտնվող ոստիկաններին, սակայն նրանք պատասխանել են, որ ոչինչ անել չեն կարող, և որ ինքը պետք է գնա ոստիկանության բաժին ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնի:
2012թ. մայիսի 7-ին Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կցելով բողոքը: Գասպարին նշել է, որ 2012թ. մայիսի 6-ին` «ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մոտ կատարվել են հանցավոր գործողություններ և ոստիկանության կողմից հանցագործությունը կանխելու ուղղությամբ դրսևորվել է անգործություն»:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հիշյալ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` ծառայական քննություն կատարելու համար: