Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոններ զբաղեցնող մի խումբ անձինք դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` հրաժարվելով զբաղեցրած պաշտոններից:
«Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները` ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից` դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,- ասված է դիմումում, որը ստորագրել են ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտական մասի ղեկավար Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանը, ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար Լիանա Պետրոսյանը, ով նաև Սուրեն Զոլյանի կինն է:
Ինչպես հայտնի է դարձել Epress.am-ին, Գայանե Գասպարյանն արդեն ստորագրել է իրեն ներկայացված դիմումները: