Երգչուհի Քրիստինե Պեպելյանի ամուսնու՝ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ ՀՀ ոստիկանությունը մի անգամ արդեն խուսափել էր նույնն անել։
«Ավելին, ոստիկանությունից ժամանակին հայտարարում էին, թե նշված միջադեպի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ՝ փետրվարին, լրատվական կայքերում տեղեկություն հայտնվեց, որ Քրիստինե Պեպելյանն իր ամուսնու՝ Արամի և մեկ այլ զույգի հետ գնացել է «Ջոս» («Jose») ժամանցային համալիր՝ լիցքաթափվելու, ինչը, սակայն, ավարտվել է ծեծկռտուքով։ Ըստ նույն տեղեկությունների՝ նրանք ինչ-որ բաներ են պատվիրել, և երբ երգչուհու մականունավոր ամուսնու՝ «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին»՝ ծեծել մենեջեր Գևորգ Ավետիսյանին, դրանից հետո էլ՝ Գևորգին ավտոմեքենայով տարել են ինչ-որ տեղ։ «Ջոսի» ղեկավարությունը մեր զրույցում հերքել էր միջադեպի մասին լուրերը։ ՀՀ ոստիկանությունից ևս հայտարարել էին, թե ոստիկանները եղել են տեղում ու պարզել, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», – գրում է թերթը։
Այդ ամենից փոքր-ինչ ուշ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել էր նախաքննական մարմնին՝ պատշաճ քննություն կազմակերպել։ Որոշակի քննությունից հետո, սակայն, ոստիկանությունը մերժել էր միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել՝ դրա համար բավարար հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։
«Այնինչ, դատախազությունը, երևում է, հետևողական է, ու քրեական գործ հարուցվել է հենց այստեղ, ապա՝ ուղարկվել ոստիկանություն՝ հետագա քննության։ Քրգործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով է, որը վերաբերում է նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելուն։ Այդ արարքի համար սահմանված պատիժը 4-8 տարի ազատազրկումն է։
Իսկ ի՞նչ նոր հանգամանքներ են պարզվել, ի՞նչն է հիմք հանդիսացել միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար։ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տոոպյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալը վերացրել է նախաքննական մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, միաժամանակ՝ քրեական գործ է հարուցել, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք անձանցից բացատրություններ չեն վերցվել, մի շարք հանգամանքներ չեն պարզվել, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ քննության ընթացքի համար։ Ի դեպ, ըստ Սոնա Տռուզյանի, դատախազի տեղակալը դեռեւս մարտին է քրեական գործը հարուցել և ուղարկել ոստիկանություն։ Այս ընթացքում, սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, միջադեպի վերաբերյալ որևէ նոր բան ոստիկանությունում դեռևս չի բացահայտվել», – գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթը հավելում է, որ «Զոս»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ու առևանգման մասին լուրի տարածումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ տվյալ օրը Քրիստինե Պեպելյանի ու նրա ամուսնու հետ ժամանցի այդ համալիրում են եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աղջիկն ու փեսան։ Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, Վստրեչի Ապերի ընկերն է։
«Թերևս, այս տեղեկություններն են պատճառը, որ նախաքննական մարմինը հապաղում է իրականությունը ջրի երես հանել, նույնիսկ հակառակը՝ ամեն կերպ փորձ է արվում առաջնորդվել «չի եղել, չկա» սկզբունքով», – գրում է թերթը` նշելով, որ Քրիստինե Պեպելյանն այս ընթացքում որևէ մեկնաբանություն չի արել խնդրո առարկա միջադեպի վերաբերյալ։
Երեկ՝ արդեն քրեական գործի հարուցումից հետո «ՀԺ»-ի լրագրողը զանգահարել է նրան։ Երգչուհին, նախ, անմիջապես հայտարարել է, որ ինքը քաղաքում չէ, հետո, երբ լրագրողն ասել է, որ իր ամուսնու մասնակցությամբ «Ջոսի» միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և այդ կապակցությամբ խնդրում է իր մեկնաբանությունը, պատասխանել է. «Հիմա շատ անհարմար տեղ է, չեմ կարող խոսել, կներեք։ Զանգեք ամսի 25-ին, լա՞վ»: Լրագրողը հայտնել է, որ հոդվածը պետք է հրապարակվի, և ինքը կցանկանար, որ հոդվածում պետք է լինի նաև իր մեկնաբանությունը:
«Ես ոչ մի մեկնաբանություն հիմա չեմ կարող տալ, կներեք»,– եզրափակել է Քրիստինե Պեպելյանը։
«Այսպիսով, ինչպես տեսնում ենք, երգչուհին որևէ կերպ չի հերքում, որ «Ջոս»–ում միջադեպ է տեղի ունեցել, և որ այդ միջադեպին մասնակից է եղել նաև իր ամուսինը։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես այս ընթացքում չի հերքել, որ իր դստեր ու փեսայի ներկայությամբ է տեղի ունեցել է ծեծկռտուքը, ապա՝ առևանգումը, ինչի մասին մամուլը շարունակ գրում է», – եզրափակում է թերթը։
Լուսանկարը` molorak.do.am