«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 48 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանը թեև չի դադարեցրել հացադուլը, սակայն թույլ է տվել բժիշկներին առաջին օգնություն ցուցաբերել իրեն: Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ ու խնդրել է դուրս գալ հացադուլից կամ գոնե չհրաժարվել բուժօգնությունից: Այսօր Epress.am-ի հետ զրույցում Զվարթ Կիրակոսյանն ասել է, որ թեև ինքը հույս չուներ, թե տղան կլսի իր հորդորները, այնուամենայնիվ, ամեն ջանք ներդրել է՝ որդուն այդ վիճակից դուրս բերելու ուղղությամբ:
«Այնքան եմ խնդրել, ասել եմ ՝ Սուրեն ջան, աղաչում եմ, դադարեցրու հացադուլը, դու այս կերպ քեզ լրիվ քայքայելու ես, բավական է, խղճա ինձ: Տղաս լսեց ու ոչինչ չասաց: Այսօր փաստաբանից տեղեկացա, որ Սուրենը բժիշկներին թույլ է տվել իրեն կաթիլային սնուցում միացնել, իսկ թե այս պահին ինչ վիճակում է տղաս, դժվարանում եմ ասել», -նշել է Զվարթ Կիրակոսյանը:
Նա նաև ասել է, որ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Սուրենի հաջորդ դատական նիստը կայանա ոչ թե Կապանում, այլ Գորիսում, քանի որ Սուրենը չի կարողանա հաղթահարել ճանապարհը:
«Հիմա սպասում ենք որոշմանը, այնուհետ ամեն ինչ պարզ կդառնա: Սարսափելին այն է, որ չեմ պատկերացնում, թե ո՞նց է տղաս դիմանալու 70 կմ ճանապարհին: Գոնե խիղճ ունենան ու դատական նիստը տեղափոխեն Գորիս», – նշել է մայրն ու հավելել, որ որդուն օգնություն ցույց տալու խնդրանքով ինքը դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել:
Նշենք, որ մայիսի 17-ին Սուրեն Կիրակոսյանին Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի իր գործով դատական նիստին, սակայն վերջինիս ինքնազգացողության վատացման պատճառով նիստը չէր կայացել:
Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: