Ապարան քաղաքի ֆիզմաթ դպրոցը փակելու որոշումը, որը կայացվել է մարտ ամսին, վրդովվեցրել է դպրոցի սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև քաղաքի բնակիչներին:
Այսօր նրանք դպրոցի փակման դեմ իրենց բողոքն են արտահայտել Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Դպրոցի տնօրեն Մանվել Պետրոսյանը ու ծնողներից մի քանիսը իրենց խնդիրը նամակով ներկայացրել են նախագահականի նամակների բաժին:
Մանվել Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ 2009 թվականին իր ղեկավարած ֆիզմաթ դպրոցը որոշել են միավորել Ապարան քաղաքում գործող ավագ դպրոցին, բայց վարչապետի և նախարարի հրամանով այդ նախագիծը կառավարության նիստի օրակարգից դուրս է մնացել:
«Անցյալ տարի նորից այս հարցը բարձրացրացավ, նորից մտավ կառավարության նիստի օրակարգ, բայց էս անգամ արդեն դեմ էին Արագածոտնի մարզպետը և տարածքային կառավարման նախարարը: Այդ ժամանակ՝ օգոստոսին, չանցավ, այս տարի արդեն մարտի 1-ին, այնուամենայնիվ, միանգամից անցկացրեցին կառավարության նիստում, ու հունիսի 20-ից մենք արդեն միավորված ենք ավագ դպրոցին: Այս ակցիան երեխաներն ու ծնողներն իրենք են նախաձեռնել:
Խնդրի հետ կապված մենք տարածաշրջանում ստորագրահավաք կազմակերպեցինք: Այս երեխեքը բքի ու ցրտի ժամանակ՝ մարտի սկզբներին, գյուղեգյուղ ընկած ստորագրահավաք էին կազմակերպում, 8000 ստորագրություն հավաքեցին: Դա ներկայացրել ենք նախագահին, նա ուղարկել էր կառավարություն, այնտեղից էլ նախարարություն, որտեղից մեզ պատասխանել են, որ այդ որոշումը բեկանման ենթակա չէ: Նույնիսկ ինձ, մեր ուսուցիչներին նախարարը կանչեց և ասեց, որ բեկանման ենթակա չի», – ասել է Մանվել Պետրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ իրենց նամակի տակ ստորագրել են ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, որոնք ծանոթ են դպրոցին ու ափսոսում են, որ այն պետք է փակվի: Նշենք, որ այս դպրոցը հիմնադրելու գաղափարը տվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:
Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Սերգեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց դպրոցում սովորում է 120 աշակերտ, որոնցից 40-ը գյուղերից են գալիս: «Այժմ, եթե այս դպրոցը փակվի, այդ 40 հոգին կգնան իրենց գյուղերի դպրոցները ու կզրկվեն որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից», – ասել է աշակերտը:
11-րդ դասարանի աշակերտ Արթուր Կոստանյանն էլ ասել է հետևյալը. «Ակցիայի հիմնական նպատակը նա է, որ նախագահը տեղյակ լինի, որ Ապարանում ֆիզմաթ դպրոցը փակում են: Ապարանում ավագ դպրոցն է, մեկ էլ՝ ֆիզմաթ դպրոցը: Եթե ֆիզմաթը փակեն, կմնա ավագը, ու մենք պարտադրված, ստիպված պետք է գնանք ավագ դպրոց, այսինքն` մեր որակյալ կրթություն ունենալու, մեր ընտրություն կատարելու իրավունքը խախտվում է: Մենք եկել ենք, որ մեր իրավունքները պաշտպանենք»,- ասել է Արթուր Կոստանյանը:
Նախագահականի մոտ մի քանի ժամ մնալուց հետո բողոքողներին տեղյակ են պահել, որ իրենց հարցով հանձնարարական է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Նախարարությունից ապարանցիներին պետք է պատասխանեն երեք օրից: