Չնայած երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը տեսել է, թե ինչպես են հրշեջները շենքից գրկած դեպի Շտապ օգնության մեքենան տարել իրենց գործընկերներից մեկին։
Հրշեջներից մեկը պատմել է, որ շենքի տանիքում հրդեհաշիջման աշխատանքի ժամանակ՝ տանիքի մետաղյա ծածկերը քանդելու պահին գործընկերոջ ոտքին է ընկել մետաղյա թիթեղը և թափանցել ոտնաթաթի մեջ։
Շտապ օգնության աշխատակիցները «ՀԺ»-ի թղթակցի հարցերին ի պատասխան ասել են, որ հրշեջի ոտքի ոսկորները, բարեբախտաբար, չեն վնասվել, իսկ ստացած վնասվածքն արդեն մշակվել է և վտանգավոր չէ։
«Դժվար է նույնիսկ տարրական տրամաբանության շրջանակներում հասկանալ, թե ինչու են փորձում կոծկել հրշեջի վիրավորվելու փաստը։ Չնայած՝ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ն է, տրամաբանություն փնտրելը անիմաստ գործ է», – գրում է թերթը։