Զգուշացե՛ք, երեխաներ են». այսպիսի նշանաբանով Հայաստանի ողջ տարածքում մայիսի 25-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է երթևեկության անվտանգության 10-օրյակ: Ոստիկանությունը դա անելու է մայիսի 25-ին հանրապետության բոլոր դպրոցներում ազդարարվող «Վերջին զանգին» նվիրված միջոցառումների բնակակոն ընթացքը և երեխաների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել են ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը` նշելով, որ գործընթացը անձամբ վերահսկելու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Այս օրերին և հատկապես մայիսի 25-ին բոլորն ականատես կլինեն, որ ճանապարհային ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները կենտրոնացած են լինելու դպրոցամերձ փողոցներում և ճանապարհների այնպիսի վտանգավոր հատվածներում, որտեղ հնարավոր են տրանսպորտայիմն միջոցների կուտակումներ և խցանումներ», – նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով` տոնն ավանդական է, և այն ոչ միայն երեխաներինն է, այլ բոլորինը:
«Կոչ ենք անում բոլորս միասին մեր անմիջական ներազդեցությունն ունենանք տոնակատարությունների բնականոն ընթացքին», – ասել է Սարգսյանը:
Նա նաև կոչ է արել շրջանավարտների ծնողներին ու հարազատներին՝ ոչ մի դեպքում այդ օրը ղեկը չհանձնել անչափասներին:
«Ավտոմեքենայով զվարճանալու փաստերը չեն վրիպելու ճանապարհային ոստիկանության տեսադաշտից: Հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու անչափահասների՝ տրանսպորտային միջոցների պատուհաններից կախված երեխաներին: Լինելու ենք շատ հետևողական ու ոչ մի փաստ չի վրիպելու մեր տեսադաշտից. բոլոր փաստերի հետ կապված ձեռնարկվելու են օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ միջոցները», – շեշտել է Սարգսյանը` կոչ անելով երեխաներին ևս զգոն լինել ու այդ օրերին խստագույնս հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:
Նորիկ Սարգսյանը նաև ընդգծել է, որ մայիսի 25-ին որևէ խտրականություն չի դրվելու ծանոթ-բարեկամների երեխաների շրջանում:
«Մենք թույլ չենք տա, որպեսզի ինչ-որ անզգույշ քայլով վտանգվի երեխաների կյանքը ու դրա համար օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորը՝ անկախ դիրքից ու պաշտոնից», – ասել է նա:
Սարգսյանի խոսքով` անչափահաս վարորդ հայտնաբերելու դեպքում անմիջապես մեքեանան կտեղեփոխվի հատուկ պահպանվող տարածք, իսկ երեխայի նկատմամբ կազմվելու է վարչական արձանագրություն: