«Օրինաց երկիր» կուսակցությունը վերակառուցման փուլ է մտնում: Այս մասին նշվում է երեկ երեկոյան կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
ՕԵԿ-ը նշում է, որ, հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, կուսակցությունը որոշել է շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009 թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան` նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով լուծելու համար:
««Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները և համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային և մարզային բոլոր կառույցները և ս.թ. հունիսի 1-ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների և կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց: Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր», – նշում են հայտարարության հեղինակները:
«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը «նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն»:
«Կուսակցության անդամներ այսուհետ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած և թեկնածուական փորձաշրջան անցած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կընդունեն կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կհամապատասխանեն կուսակցության անդամ դառնալու համար սահմանված չափորոշիչներին:
Դադարեցվում են ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը «Օրինաց երկիր» կուսակցությանը, ովքեր մինչև ս/թ. մայիսի 22-ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչև նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպմանը:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը դիմում է բոլոր կուսակցականներին պատասխանատվության բարձր զգացումով մասնակցել առաջիկա ներկուսակցական որակական ու կառուցվածքային բարեփոխումներին և վստահ է, որ այն կնպաստի կուսակցության մարտունակության և համախմբվածության ամրապնդմանը», – եզրափակում է հայտարարությունը: