Home / Հայաստան / Օլիգարխները նոր ԱԺ-ում այլ կերպ են իրենց դրսևորելու. քաղաքագետ

Օլիգարխները նոր ԱԺ-ում այլ կերպ են իրենց դրսևորելու. քաղաքագետ

Հայաստանում շարունակվում է մեծ բիզնեսի ներկայացուցիչներին քաղաքական որոշումների կայացման գործընթացից հեռացնելու քաղաքականությունը նաև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երևանյան «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին Իսկանդարյանը նշել էր, որ «վերնախավերի փոփոխության մեծ ծրագիրը» մտածվել է անմիջապես 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո և սկսել է իրագործվել մեկ տարի առաջ: Այն ժամանակ Իսկանդարյանը բնութագրել էր մեկնարկած գործընթացը որպես օլիգարխիայի հեռացում իշխանությունից:

Այսօր քաղաքագետը նշել է, որ չի կարելի խոսել այդ ծրագրի ձախողման մասին` ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով:

Իսկանդարյանի խոսքով` առաջին շարքի օլիգարխները, ինչպես նախկինում, անցել են խորհրդարան մեծամասնական ընտրակարգով, սակայն մեկ աստիճան ծացր ոչ բոլոր գործարարներն են պատգամավորական մանդատ ստացել:

Բանախոսը ընդգծել է, որ մեծ բիզնեսը հնարավոր չէ ընդհանրապես հեռացնել իշխանությունից, և այդ գործընթացը տասնյակ տարիներ է տևելու:

«Այսօրվա խորհրդարանը այդ առումով տարբերվում է նախկինից նրանով, որ օլիգարխները, առաջին հերթին, պաշտպանելու են իրենց կուսակցությունների շահերը, որոնց միջոցով անուղղակի կերպով պաշտպանվելու են նաև իրենց բիզնես շահերը», – ասել է քաղաքագետը:

Իսկանդարյանը հերթական անգամ ընդգծել է, որ տվյալ գործընթացի բարդությունը կայանում է նրանում, որ իշխանությունը ոչ թե պայքարում է որևէ արտաքին ուժի դեմ, այլ ինքն իր հետ, քանի որ այդ տնտեսական խմբերը գտնվում են իշխող կուսակցության ներսում: