ՄԻՊ Կարեն Անդրեասյանը DIY բարի պայթեցման հետ կապված բավական խիստ հայտարարություն կտարածի, եթե քրեական գործի շրջանակներում ապացուցվի, որ պայթեցումը կատարվել է ատելության հողի վրա, այլ ոչ թե միջանձնային վեճի պատճառով: Այս մասին Անդրեասյանը հայտնել է Epress.am-ի հետ զրույցում:
«Ես շատ մտահոգ եմ, որ որևէ մեկի արտահայտած դիրքորոշումը, անգամ, եթե դա բարձրաստիճան պաշտոնյա է արտահայտում, չընկալվի որպես հայ հասարակության կարծիք կամ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշում: Խիստ բացասական մոտեցում եմ այստեղ նկատում: Կխնդրեի, որ իրենց հայտարարությունների և գնահատականների մեջ մարդիկ զգույշ լինեն»,- ասել է Անդրեասյանը` հավելելով, որ մեր հասարակության մասին ինքը ավելի բարձր կարծիք ունի:
Անդրեասյանը սխալ է համարում, մասնավորապես, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը դեպքերի մասին: Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակը դեպքի առնչությամբ ասել էր. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
«Ես դեմ եմ ցանկացած անհանդուրժողականության, բռնության, քանի որ դա արգելված է թե ՀՀ Սահմանադրությամբ, թե ՀՀ կողմից ստանձած պարտավորություններով», – ասել է ՄԻ պաշտպանը: