Home / Հայաստան / «Ժառանգությունը» երբեք չի հավատացել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը. Սաֆարյան

«Ժառանգությունը» երբեք չի հավատացել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը. Սաֆարյան

2011թ. փետրվարին ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ ուժերի միջև ստորագրված կոալիցիոն հուշագիրը հաջողվել է իրականացնել փայլուն կերպով, քանի որ այնտեղ չէր ասվում նախագահական ընտրությունների Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, այլ ասվում էր, որ կոալիցիոն ուժերը պետք է ավելացնեն իրենց մանդատները, բայց ոչ միմյանց հաշվին: Այս մասին լրագողների հետ հանդիպմանը ասել է «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Բանախոսը նշել է, որ անկախ նրանից` ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի, թե ոչ այն քիչ շանսեր ունի դառնալ ընդդիմադիր ուժ, դրա համար կան շատ ռիսկեր: Կոալիցիա չմտնելով`  այն նախ կկորցնի իր հիմնական ընտրազանգվածը, որը երբեք ընդդիմադիր չի եղել: Երկրորդ` խոշոր կապիտալը, հեռանալով իշխանությունից, չի կարող պաշտպանված լինել, ինչի մասին ն վկայում Խոդորկովսկու օրինակը Ռուսատանում, Սուքիասյանների օրինակը Հայաստանում:

Ստեփան Սաֆարյանը խոսել է նաև իր կուսակցության ծրագրերի մասին:

«Ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության ներսում քննարկվել են ամեն հնարավոր քայլեր, այդ թվում նաև մանդատները դնելու, այլ կոմբինացիաներ ընդունելու հարցը, սակայն դրանք ընդամենը քննարկվել են, իսկ մամուլի հրապարակումները, վարկածները վստահելի չեն, դրանք երբեմն որոշակի նպատակներ են հետապնդում», – ասել է Սաֆարյանը և հավելել, որ «Ժառանգությունը» կարիք չի տեսնում այդ հարցում շտապ որոշում կայացնել  և կհայտարարի` վերցնելու է մանդատները, թե ոչ, հունիսի 2-ին:

«Անհավատալի պետք է լիներ հենց ի սկզբանե, թե կոալիցայի մեջ գնտվող ԲՀԿ-ն կարող էր դուրս գալ փողոց և պայքարել ընտրակեղծիքների դեմ: ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության  շուրջ դասավորվեցին ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» այդ հակամարտությանը չի հավատացել երբեք»,- ասել է Սաֆարյանը: