«Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը` չմտնել իշխանական կոալիցիա, վկայում է Սերժ Սարգսյանի ռեժիմի դիրքերի թուլացման մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում պետականորեն կազմակերված ընտրակեղծարարության հետևանքով Սերժ Սարգսյանի ռեժիմը յուրացրել է իշխանությունը, ու, թեև, համաձայն պաշտոնական արդյունքների, տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, այն, այնուամենայնիվ, գիտակցում է սեփական ոչ-լեգիտիմությունը և փորձում է ժողովրդի իրական աջակցության պակասը փոխհատուցել այլ ուժերի, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա կազմելով», – ասել է Զուրաբյանը:
Նա ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ցույց է տալիս, որ ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է:
«Երկրում քաղաքական զարգացումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված` Հայ Ազգային Կոնգրեսի դեռ 2011 թվականի հոկտեմբերի հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականութունը վերահսկող Միասնական շտաբի ստեղծումը, ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը», – ասել է ՀԱԿ համակարգողը: