«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Այս մասին ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` այսօր տարածած հայտարարության մեջ:
«Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը», – հայտարարել է Ծառուկյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում Հայաստանի քաղաքական կյանքում, իսկ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն:
«Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի», – եզրափակել է Ծառուկյանը: