Թունիսի դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Զին էլ Աբիդին բեն Ալիի նկատմամբ ամենախիստ պատիժը կիրառել` մահապատժի դատապարտելով նրան: Երկրի նախկին առաջնորդը մեղադրվում է 2011 թվականի հունվարին հակակառավարական ցույցերի ընթացքում 22 ցուցարարների կանխամտածված սպանություն իրագործելու մեջ, հայտնում է Al Arabiya-ն: Թունիսի Ռազմական տրիբունալի դատախազը հայտարարել է, որ բեն Ալին երկիրը փորձում էր «արյան մեջ խեղդել» և ներման արժանի չէ:
Բացի նախկին նախագահից, տվյալ քրեական գործով անցնում են ևս 22 անձինք, որոնք տարբեր պաշտոններ էին զբաղեցնում նրա կառավարությունում: Բեն Ալիի գործով դատական նիստերը տեղի են ունենում առանց նախկին նախագահի, քանի որ վերջինս հեղափոխությունից հետո Սաուդյան Արաբիա է փախել, որտեղ էլ քաղաքական ապաստան է ստացել:
Քաղաքացիական ցույցերի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ Թունիսում արդեն մի քանի դատական վճիռներ են կայացվել: Մասնավորապես, անձամբ Բեն Ալիին մեղավոր են ճանաչել զենքի ապօրինի պահպանման, կաշառակերության, պետական սեփականության հափշտակման և խոշտանգումների մասնակցելու մեջ:
Այս մեղադրանքների հանրագումարի արդյունքում նա արդեն իսկ 71 տարվա ազատազրկման է դատապարտված:
Հիշեցնենք, որ Զին էլ-Աբիդին Բեն Ալին լքել է Թունիսը 2011 թվականի հունվարի 14-ին: Դրան նախորդել էին մի շարք հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում էին Բեն Ալիին հրաժարվել նախագահի աթոռից, որը նա զբաղեցնում էր 23 տարի շարունակ: Հունվարի 19-ին ձերբակալվել էին Բեն Ալիի 33 հարազատները: Ներկայումս պաշտոնանկ արված առաջնորդը գտնվում է Սաուդյան Արաբիայում:
Թունիսի հեղափոխությունը խթան հանդիսացավ արաբական մի շարք երկրներում բողոքի ալիքի և խռովությունների, իսկ այնուհետև հեղափոխությունների իրականացման համար: