Երեկ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերջնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով ՀՀԿ-ում իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ տեղեկատվական արտահոսքը իշխանական շատ նեղ շրջանակներից է եղել, իսկ հանդիպման ընթացքում հստակեցվել են բոլոր այն դետալները, որոնց շուրջ ձևավորվելու է ապագա կառավարությունը, և այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա հինգ տարիների ընթացքում համագործակցելու են ՀՀԿ-ն ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդպնանը մասնակցել է վերջինիս խնամին` Հովիկ Աբրահամյանը, որը դառնալու է նոր ձևավորված խորհրդարանի նախագահը:
Այն փաստաթուղթը, որը կստորագրվի երեկ կուսակցությունների միջև, ունենալու է մեկ հիմնական առանցք` առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական այս երեք ուժերը սատարելու են Սերժ Սարրգսյանին:
«ՀԺ»-ն ընդգծում է, որ Ծառուկյանը փորձում էր հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը գոնե վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխի:
«Սարգսյանը, սակայն, անդրդվելի է մնացել: Գոնե մինչև նախագահական ընտրությունները, ըստ լավատեղյակ աղբյուրների, այդ պաշտոնի ղեկը մնալու է Տիգրան Սարգսյանի ձեռքին: Վարչապետի փոփոխություն հնարավոր է միայն նախագահական ընտրություններից հետո, եթե, իհարկե, այդ ժամանակ ՀՀԿ-ի ղեկավարին հաջողվի «հաղթել»», – գրում է թերթը:
ԲՀԿ-ում խնդիր է ծագում այն մարդկանց հետ, որոնք ընտրություններից առաջ էլ, հետո էլ շատ կտրուկ հայտարարությունների արեցին` դեմ արտահայտվելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն (մասնավորապես, Վարդան Օսկանյանը – խմբ.):
«Այդ անձանց հարցը, սակայն, արդեն լուծված է… Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, ըստ իշխանական աղբյուրների, Գագիկ Ծառուկյանին պարզ բացատրել է, որ այդ անձանց ներկայությունը խորհրդարանում այնքան էլ ցանկալի չէ», – գրում է թերթը` հիշեցնելով, որ, մասնավորապես, ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում գտնվող Հմայակ Հովհաննիսյանը չէր բացառել, որ կոալիցիա ձևավորվելու դեպքում ինքն ինքնաբացարկի դիմում կգրի: