Որևէ կադրային հարց, որևէ պաշտոնի բաժանման, պորտֆելների խնդիրներ այսօր կայացած ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում չեն քննարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` մինչև մայիսի 31-ը ՀՀԿ-ն ևս մեկ նիստ կգումարի և ավելի մանրամասն կխոսի տարբեր հարցերի շուրջ:
«Պարզապես ես` որպես թե՛ գործող պատգամավոր, թե՛ կուսակցության խոսնակ, կարող եմ հավաստիացնել, որ մենք ստացել ենք մեծամասնություն և ժողովրդի մեծամասնության քվեին ենք արժանացել, և թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի պաշտոնները, բնականաբար, կտնօրինեն ՀՀԿ-ի ներկայացուցիչները», – ասել է Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի՝ կոալիացիա չկազմելու հայտարարությունն իրենց համար անակնկալ չէր, Շարմազանովը պատասխանել է, որ քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում:
«Անակնկալը դա քաղաքական կատեգորիա չէ, մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերի, թե նախկինում, թե հիմա արված հայտարարություններին, դա բացառապես տվյալ ուժի քաղաքական կեցվածքն է: Միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն կշարունակի ՕԵԿ-ի հետ իր համագործակցությունը և ողջ պատասխանատվության ծավալով կշարունակի այն ծրագրերի իրականացումը, որոնց համար հասարակության մեծամասնությունը մեզ ձայն է տվել», – ասել է Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները նիստից հետո նաև հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանին, մասնավորապես, արդյոք վերջինիս խնամի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միջնորդել է, որպեսզի իրեն դարձյալ տան ԱԺ նախագահի պաշտոնը:
«Ես ճիշտ չեմ համարում, որ որևէ այլ կուսակցություն ինձ ներկայացնի որևէ պաշտոնի, ես դա ոչ միայն կոռեկտ չեմ համարում, այլ նաև ճիշտ չէ քաղաքական առումով, որովհետև ես ունեմ հնարավորություն և հեղինակություն մեր կուսակցությունում, և անհրաժեշտություն չկա, որ ինձ որևէ մեկը առաջարկի որևէ պաշտոնի։ Ես չեմ ընդունի նման առաջարկ` անկախ նրանից, թե ով է դա առաջարկում»,- ասել է Աբրահամյանը:
ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելու հայտարարությունը նախկին խոսնակը համարում է կոռեկտ և չափավոր: Բացի դա, Աբրահամյանը չի համարում, որ ԲՀԿ-ի հայտարարությունը կառուցողական էր, այլ ոչ ընդդիմադիր: