Երևանի Մաշտոցի պուրակում գտնվող «Մետելիցա» սրճարանը մնացել է առանց խոհանոցի և զուգարանի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Բանն այն է, որ երբ Աբովյան փողոցից ապամոնտաժված բուտիկները տեղափոխվեցին պուրակ, քաղաքապետարանն առաջարկել էր սրճարանի սեփականատիրոջը ապամոնտաժել իրենց խոհանոցն ու զուգարանը և նորը կառուցել հակառակ կողմում, որպեսզի տեղափոխված բուտիկների հետ սիմետրիկությունն ապահովվեր։
Այդպես էլ վարվել էին. հինը քանդել և սկսել էին նորը կառուցել։ Բայց ինչպես մյուս կրպակների, այդ նոր շինության դեմ էլ բողոքի ձայն էին բարձրացրել ամիսներ շարունակ պուրակում պայքարող բնապահպան ակտիվիստները։ Արդյունքում սրճարանի համար կառուցվող նոր շինությունը քանդվեց։ Ավելի ուշ ապամոնտաժվեցին նաև Աբովյան փողոցից բերված կրպակները։
«Մետելիցայի» սեփականատեր Արսեն Կարապետյանը «ՀԺ»-ի թղթակցին երեկ հայտնել է, որ սրահներից մեկը ձևափոխում են` դարձնելով խոհանոց, որպեսզի սրճարանը նորից կարողանան շահագործել։
Նա նաև ասել է, որ անցած ամիսների ընթացքում, ինչ ակտիվիստները պայքարում էին այգու կառուցապատման դեմ, սրճարանն աշխատելու հնարավորություն չի ունեցել և կրել է բավական մեծ ֆինանսական վնասներ, հետևաբար Արսեն Կարապետյանն ակնկալում է, որ քաղաքապետարանը փոխհատուցելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկի։
«Սպասում ենք, պիտի զրուցենք, հասկանանք՝ ինչ է։ Դեռ կոնկրետ բան չկա։ Չեմ կարծում, որ հերթը կգա պահանջելուն, իրենք հասկանում են՝ մենք ինչ ծախսերի տակ ենք ընկած։ Կգա ժամանակը, կհատուցեն։ Մենք ուղիղ վեց ամիս չենք աշխատել, տուժել ենք մեծ գումարի չափով։ Թվեր չեմ ասի, բայց՝ բավականին։ Մերը սեզոնի հետ կապ չունի, որովհետև մենք փակ սրահներ ունենք, բայց դեկտեմբերի 14-ից մինչև այսօր` մայիսի 23-ն է, չենք աշխատում», – թերթի թղթակցին ասել է «Մետելիցայի» սեփականատերը։