Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված առավել կարևոր խնդիրներից են շարունակում մնալ քաղաքացիական իրավունքների, մամուլի և խոսքի ազատության, դատական համակարգի անկախության սահմանափակումները: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների պաշտպանության 2011 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:
Զեկույցում նշվում է, որ 2011 թվականին երկրի կառավարությունն ազատ արձակեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքները վիճարկող ընդդիմադիրների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բանտում գտնվող 6 ընդդիմադիրների:
«Ապրիլի 28-ից սկսած իշխանությունները սկսեցին թույլ տալ ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել մայրաքաղաքի` նախկինում արգելված վայրերում, և բոլոր հավաքներն անցկացվել են առանց միջադեպերի, թեև Երևանից դուրս բնակվող ցուցարարների մուտքը Երևան հանրահավաքի օրերին խոչընդոտվում էր:
Մեդիա դաշտը, մասնավորապես հեռուստատեսությունը, նախկինի պես չի ապահովում քաղաքական կարծիքների բազմազանություն և օբյեկտիվ տեղեկատվության մատուցում: Կառավարությունը ապաքրեականացրեց զրպարտության և վիրավորանքի մասին օրենքը, սակայն նոր բարձր տուգանքներ սահմանեց, որը ստիպում էր լրագրողներին և ԶԼՄ-ներին ինքնագրաքննություն կիրառել: Դատարանները շարունակում են մնալ գործադիր մարմնի կողմից օգտագործվող քաղաքական ճնշումների միջոց», – նշում է ԱՄՆ Պետդեպը:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ տարվա ընթացքում ոչ պատերազմական իրավիճակում կասկածելի սպանություններ են տեղի ունեցել զինված ուժերում, քանի որ «դեդովշինան» և նորակոչիկների հանդեպ կիրառվող այլ տեսակի խոշտանգումները սպաների կողմից շարունակում են առկա լինել բանակում:
Բանտերից շատերը գերծանրաբեռնված են, հիգիենիկ պայմանների բավարար մակարդակն ապահովված չէ, կալանավորներին չի ցուցաբերվում նաև բժշկական օգնության բավարար մակարդակ: Ոստիկանությունը ծեծի է ենթարկում քաղաքացիներին ձերբակալության և հարցաքննության ընթացքում: Իշխանությունները շարունակում են ձերբակալել և կալանավորել քրեական հանցագործությունների մեջ կասկածվողներին առանց որևէ խելամիտ փաստերի և կալանավորել անհատներին իրենց քաղաքական դիրքորոշման կամ քաղաքական ակտիվության համար:
«Իշխանությունները և օրենքը սահմանափակում է որոշակի խմբերի կրոնական ազատությունները: Կաշառակերությունը շարունակում է խնդիր մնալ, քանի որ իշխանությունները խիստ սահմանափակ միջոցառումներ են իրականացնում այն կրճատելու համար:
Ընտանեկան բռնությունները նույնպես շարունակում են խնդիր մնալ, սակայն հիմնականում անուշադրության են մատնվում իշխանությունների կողմից: Թրաֆիքինգը խնդիր էր, սակայն իշխանությունները ջանքեր էին գործադրում այն կրճատելու համար: Սահմանակ կարողություններով մարդիկ խտրական վերաբերմունքի են արժանանում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները և տրանսգենդերները (LGBT) սոցիալական շահագործման և խտրականության են ենթարկվում զինվորական և բանտային ղեկավարության կողմից:
Աշխատողների իրավունքները սահմանափակված են, իսկ աշխատանքային իրավունքների մասին գործող օրենքները նվազ արդյունավետությամբ են գործում:
Թեև իշխանությունները մի շարք քայլեր են ձեռնարկել պատժելու համար անվտանգության ուժերում, և այլ ոլորտներում աշխատող որոշ պաշտոնյաների, որտեղ, անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ շարունակում են շահագործել մարդու իրավունքները անպատժելիության մթնոլորտում:
2008 թվականի բախումների մասին կառավարության զեկույցում 8 քաղաքացիների և երկու ոստիկանների մահվան մեղավորներն այդպես էլ չեն բացահայտվել, բացի դա, մեծապես արդարացվում են ոստիկանության գործողությունները», – նշում են ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները: