Home / Տեսանյութեր / Խնդիրը ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելն է, համոզված է ոստիկանապետը

Խնդիրը ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելն է, համոզված է ոստիկանապետը

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ:

Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլև «ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելը»:

Ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումն առանձնանում է հատուկ պատրաստականությամբ. անձնակազմը տիրապետում է օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին և այլն:

Ոստիկանության կայքի հաղորդմամբ, Վլադիմիր Գասպարյանը,սակայն, շեշտել է, որ անհրաժեշտ է մշտական ինքնադաստիարակություն և ինքնակատարելագործում` ոստիկանության մարտունակությունը մշտապես բարձր պահելու և ժամանակին համաքայլ ընթանալու համար:

Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ իրավապահներին կոչ է արել միշտ հիշել, որ «իրենց առաքելությունն անմնացորդ ծառայությունն է հասարակությանը, ծառայողական պարտականությունների լիարժեք ու նորովի կատարումը, քաղաքացու ոչ միայն պահապանը, այլև հարազատն ու մերձավորը լինելու պատրաստակամությունը»: