Home / Հայաստան / Շոտլանդիան կարող է առանձնանալ Բրիիտանիայից

Շոտլանդիան կարող է առանձնանալ Բրիիտանիայից

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը մայիսի 25-ին պաշտոնապես հայտարարել է «Այո» արշավի մեկնարկի մասին, որը կոչված է հորդորել շոտլանդացիներին հանրաքվեի ժամանակ քվեարկել Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին: Այս կապակցությամբ ելույթ ունենալով Էդինբուրգում` նա հայտարարել է. «Շոտլանդիայի զարգացման և ապագայի մասին պետք է հոգան նրա բնակիչները»:

Շոտլանդացի քաղաքական գործիչները վստահ են, որ անկախությունը թույլ կտա Շոտլանդիային դառնալ ավելի ուժեղ և մրցունակ երկիր: Սակայն, ըստ նրանց, խոսքը չի գնում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների «խզման» մասին, այլ ընդամենը «բաժանման»: Միաժամանակ նրանք նշում են, որ կշարունակեն օգտագործել բրիտանական ֆունտը որպես դրամական միավոր, իսկ Հյուսիսային ծովի նավթային հարստությունները և վիսկիի արտահանումը թույլ կտան երկրի տնտեսությանը դինամիկ կերպով զարգանալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորհրդարանում և նոր ձևավորված կառավարությունում մեծամասնություն կազմող շոտլանդացի ազգայնականները պատրաստվում են Բրիտանիայից առանձնանալու մասին հանրաքվե անցկացնել:

Ակնկալվում է, որ շոտլանդացիները կորոշեն իրենց երկրի ապագան 2013-ին կամ 2014-ին:

Շոտլանդիան Բրիտանիայի մասն է դարձել 1707 թվականին անգլիացների հետ հերթական պատերազմում կրած պարտությունից հետո: Շատ տեղացիներ դժգոհ էին այդ իրադարձություններից և դարեր շարունակ պայքարել են անկախության վերականգնման համար: