Ոստիկանության կողմից ընդդեմ քաղաքացի Մանվել Սարգսյանի վարչական գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավորը մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը` տրամադրել 5-օրյա ժամկետ` ոստիկանության գործողությունների անօրինական լինելու մասին ապացույցներ ներկայացնելու համար:
Ոստիկանության կողմի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարել է, որ ոստիկանությունը մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ երեք հոգի անցել են անվտանգության պատնեշները և ժամանել դեպքի վայր: Մինչդեռ Մանվել Սարգսյանը պնդել է, որ ոստիկանները 80 օր շարունակ տեղյակ են եղել, թե այգում քաղաքացիան միջոցառում է տեղի ունենում և որ իրենք` ակիցայի մասնակից ապամոնտաժող բրիգադի անդամները, բազմիցս ասել են ոստիկաններին, որ իրենց կարող են ձերբակալել, եթե համարում են, որ իրենց ասածը անօրինական է, սակայն նման բան ոստիկանները չեն արել ոչ մի օր:
Ըստ Մանվել Սարգսյանի` ոստիկանության կողմից արածը ոչ իրավական, այլ քաղաքական գործողություններ էին, դրա ապացույցն է այն, որ ոստիկանները չհամարեցին, որ պատնեշներն անցնելն անօրինական է այն բանից հետո, երբ կրպակները ապամոնտաժելու խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը:
Դատարանն այս գործով վճիռը կհրապարակի հունիսի 8-ին ժամը 17:05-ին:
Դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում Մանվել Սարգսյանն ասել է, որ այն փաստը, որ դատարանը հրաժարվել է տրամադրել 5-օրյա ժամկետ` ոստիկանության գործողությունների անօրինական լինելու մասին ապացույցներ ներկայացնելու համար, ինչպես նաև իր դեմ գործ հարուցելը, նպատակ ունի արդարացնել Մաշտոցի պուրակի պաշտպանության 80 օրվա ընթացքում ոստիկանության անօրինական գործողությունները:
Տեղեկացնենք, որ ոստիկանությունը Սարգսյանին մեղադրում է վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական խախտում կարատելու համար` տվյալ դեպքում ոստիկանության կողմից տեղադրված անվտանգության պատնեշները անցնելու համար: