FIFA-ի նախագահ Զեպ Բլատերն այսօր կայացած կոնգրեսի ընթացքում առաջարկել է հրաժարվել հետխաղային 11 մետրանոցներից:
Նա կարգադրել է գերմանական «Բավարիա» ակումբի նախագահ, մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Ֆրանց Բաքենբաուերին 11-մետրանոցների համար այլընտրանք գտնել:
«Ֆուտբոլը կարող է դրամայի վերածվել և անգամ ողբերգության, երբ գործը հասնում է հետխաղային 11-մետրանոցներին: Եվ արդյունքում` ֆուտբոլը կորցնում է իր իմաստը` որպես թիմային խաղ:
Հնարավոր է, որ Ֆրանց Բաքենբաուերը նախաձեռնող խմբի հետ 2014 թվականի Աշխարհի գավաթից առաջ այս խնդրի վերաբերյալ առաջարկություններ պատրաստի և այլընտրանք գտնի 11 մետրանոցներին»,- պարզաբանել է Բլատերը:
Ավելի վաղ Բլատերը նշել էր, որ առաջիկայում կարող է վերականգնվել ոսկե գոլի կանոնը, չի բացառվում նաև ոչ-ոքի ելքի դեպքում լրացուցիչ ժամանակի վերացումը: