ԱԺ ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գարոյանը մայիսի 21-ին գնացել է ոստիկանության բաժանմունք ու հետ վերցրել բողոքը: Հիշեցնենք, որ Գարոյանը թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը բաժանելիս ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում մի խումբ մարդկանց կողմից հարձակման և ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով կոտրվել էր նրա քիթը: Պատգամավորի թեկնածուն դիմել էր ոստիկանություն, իսկ ապրիլի 16-ին Մալաթիայի բաժին էր ներկայացել 1970 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտարարել, որ նախորդ օրը Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում ինքը վիճաբանել է Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին, որոնք «դիպել են շքամուտքի միջանցքի պատին և, հնարավոր է, ստացած լինեն մարմնական վնասվածքներ»:
Epress.am-ի հետ զրույցում Գարոյանը նշել է, որ հետ է վերցրել դիմումը, քանի որ իր վրա հարձակում գործած խմբի փոխարեն տուժելու էր մեկ հոգի, ով ինքնակամ ներկայացել էր բաժին:
«Ամբողջ իմաստը հետևյալն է. ոստիկանությունն այդ մեկին տանելու էր, իսկ ես գրել էի, որ իմ վրա հարձակվել են շատ մարդիկ: Ներկայացել է նրանցից մեկը՝ ես իրեն ներում եմ, ու ասացի, որ գործը կարճեն: Պարզապես անիմաստ էր ստացվում իմ բողոքը, քանի որ 117-րդ հոդվածը (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը – խմբ.) սահմանում էր 50.000 դրամ տուգանք, ու ես այս կերպ հրաժարվեցի ոստիկանություն գնալ-գալու տհաճ գործընթացից: Դիմեցինք դատախազություն, պարզվեց, որ այնտեղ էլ ոչինչ չի փոխվելու: Անտեղի մի քանի ամիս դատարաններում պիտի քարշ գայի, արդյունքում պետք է մնար տանջանքս, իսկ իրական մեղավորները, միևնույնն է, չէին պատժվելու, ուստի հարմար գտա հրաժարվել բողոքից», – ասել է Գարոյանը: