Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենը, Բեռնար Բունիեն և Ֆիլիպ Մարինին կարծում են, որ, քանի որ Ֆրանսիան Մինսկի Խմբի համանախագահող երկիր է, կարևոր էր, որ սենատորներն անձամբ այցելեին Ղարաբաղ և սեփական աչքերով տեսնեին, թե ինչ է այնտեղ կատարվում: Այս մասին նրանք ասել են այսօր Ազգային ժողովում կայացած լրագրողների հետ հանդիպմանը:
«Որքան գիտեմ, այս տարածքը արգելված տարածք չէ, բազմաթվ այլ պատվիրակություններ, նաև պատգամավորական, եկել են այս երկիր մեզանից առաջ, և, մեր կարծիքով, Ֆրանսիայի Սենատը նույնպես այս հարցին կարող է մասնակից լինել և տեսնել իր հերթին, թե ինչ է այնտեղ կատարվում: Մենք ուրախ եղանք, երջանիկ եղանք այս երկրում գտնել մի ժողովրդի, որը բացառիկ խիզախ ժողովրդավարական արժեքների սիրահար ժողովուրդ է և աշխատում է, չնայած դժվար պայմաններին», – ասել է սենատոր Սոֆի ժուասենը:
Նրա խոսքով` Ղարաբաղի բնակչությունը այդ տարածքի վրա ապրում է երկար դարեր ի վեր և ամեն ինչ կանի, որպեսզի երկիրը խաղաղության մեջ լինի, նույնքան ներդաշնակ, որքան եղել է մինչ այսօր»,- ասել է նա:
Սենատորը խոստովանել է, որ հուզմունքի պահեր է ապրել, երբ նկատել է, որ Ղարաբաղի ժողովուրդը, չնայած տարբեր ճնշումներին, փորձում է ժողովրդավարական արժեքների կրողը դառնալ և նաև պաշտպանել սեփական տարածքը, ինչը, Ժուասենի խոսքով, իրենց մոտ ցանկություն առաջացրեց շատ ավելի կոնկրետ ձևով արտահայտել իրենց բարեկամությունը, և հենց այդ նպատակով էլ Էքսոնպրովանս քաղաքը առաջարկում է Ստեփանակերտ քաղաքին քույր քաղաքների մակարդակով հարաբերություններ հաստատել:
Սենատորները նաև կիսվել են Հայաստանից ստացված տպավորություններով և անգամ հայերեն բառեր են սովորել` «այո» և «կենաց»: