Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» պաշտպանության համար ստեղծված նախաձեռնության անդամները մեկնել են Ոստիկանության կենտրոնի բաժին` հանցագործության մասին հայտարարություն տալու համար:
«Պատմամշակութային շենքը քանդել չի կարելի, այն էլ առանց քաղաքապետարանի, պատկան մարմիների թույլտվության: Շենքը քանդելուց առաջ պետք է հանրությանը ներկայացվի շենքի նախագիծը, դա պետք է փակցված լինի շենքի պատին: Նույնիսկ եթե ճարտարապետական կոթողը գնել է որևէ մեկը և դա արդեն նրա սեփականությունն է, նրա քմահաճույքով չպետք է շենքը քանդվի», – Epress.am-ի թղթակցին ասել է Փակ շուկայի մոտ եկած նախաձեռնության մասնակից, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ նախաձեռնության ակցիային դժգոհությամբ են դիմավորել շուկայի հարակից շենքերի բնակիչները: Նրանք ասում էին, որ արդեն հոգնել են իրենց բակում փոշուց ու կեղտից, և ուրախ են, որ մեկը որոշել է կարգի հրավիրել մոռացված շուկան: Բնակիչներից մեկն էլ ասում էր, որ Փակ շուկայի հետևի պատերը տարիներ առաջ են քանդվել, դռները հանվել են: Նա դժգոհում էր, թե ինչու են ակտիվիստները միայն հիմա հիշել, որ նման ճարտարապետական կոթող կա:
Նախաձեռնության անդամները բնակիչներին մեղադրել են շենքը գնած օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ գործարքի մեջ մտնելու համար` հիշելով, որ նման նախադեպ արդեն եղել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ակցիային ներկա արվեստագետ Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տվել, սակայն, չմոռանալ, որ ճարտարապետությունը նախ հանրային ոլորտ է, և բակի բնակիչների դժգոհությունը, թե ինչու մինչ այժմ ոչ ոք չի պայքարել շենքի համար, ոչ մի նորոգում չի արվել, տեղին է:
«Կան շենքի մասին նոր իմացած ակտիվիստներ, ու հանգիստ և աշխատատեղ ապահովող շուկայի հարևավությամբ ապրել ուզող մարդիկ: Պետք է լինի նաև կոմպետենտ մարդկանց խումբ, որ բացատրի իրավիճակը, քանի դեռ այս հարցը, ինչպես Մաշտոցի այգու դեպքում, իրենց նպատակների համար չեն օգտագործել քաղաքական PR-ով զբաղվողները», – ասել է Կարեն Անդրեասյանը:
Լուսանկարը Facebook-ում տեղադրել է Hayk Bianjyan օգտատերը