Երեկ ուշ երեկոյան Facebook սոցիալական ցանցում տասնյակ օգտատերեր սկսեցին ահազանգել այն մասին, որ քանդում են Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» տանիքը: Այսօր արդեն սոցցանցում ստեղծվել են մի շարք խմբեր` ի պաշտպանություն շուկայի շենքի:
«Շարունակվում է վանդալիզմը Գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ: Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել: Ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», – ահազանգում են «Փրկենք փակ շուկան» խմբի հեղինակները:
Նախաձեռնողները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են շենքի ճակատագրով, ժամը 13.00-ին հավաքվել շենքի մոտ և միասին որոշել հետագա անելիքները:
Փակ շուկան գնել է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով մտադիր է «Երևան սիթի» սուպերմարկետ կառուցել շենքի ներսում:
Հիշեցնենք, որ շենքի քանդման աշխատանքներ տարվել են դեռ հունվարին, ինչին անմիջապես արձագանքել են մի քանի կազմակերպություններ` նամակով դիմելով վարչապետին և խնդրելով միջամտել և թույլ չտալ Երևանի կոթողներից մեկը դառնա սուպերմարկետ:
1952 թվականին կառուցված Փակ շուկայի շենքը 2004 թվականին ընդգրկվել է Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում` 152 համարի տակ: Հուշարձանների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է հուշարձանների վրա փոփոխություններ անել կամ տեղափոխել դրանք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց սպասվում է փլուզում չտեղափոխելու դեպքում:
Լուսանկարը` Mamikon Simonyan օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից