Հայկական բանակում զոհված զինծառայող Գևորգ Կոծինյանի իրավահաջորդները դժգոհ են հայաստանյան դատական համակարգում տղայի մահվան գործի քննության արդյունքներից և նյութեր են պատրաստում Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան դիմելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավահաջորդների փատաբան Կարեն Թումանյանը:
Օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Գևորգ Կոծինյանի գործով երկու դիմում-բողոքները:
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Արայի լեռ բնակավայրի մոտ գտնվող զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանը դաժան ծեծի էր ենթարկվել իր 4 ծառայակիցների կողմից, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Կոծինյանին ծեծած կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին՝ 11 տարի, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատ է արձակվել:
«Մենք գտնում ենք, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը, որովհետև պետական մարմնի հսկողության տակ էր գտնվում զինծառայողը: Մենք ուզում ենք, որ տուժածի կյանքի իրավունքի խախտման փաստը ընդունվի, և սա նախադեպ դառնա, իսկ Գևորգի իրավահաջորդներին բարոյական վնասի փոխատուցում տրվի 5 միլիոն դրամի չափով», – ասել է Կարեն Թումանյանը: