Առաջին հայացքից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր երկրում նախորդ շաբաթ անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթը համապատասխանում են իրար, գրում է The Economist-ը:
«Եվրատեսիլը», որի ժամանակ ողջ Եվրոպան ազգային տարրերով մրցող երգերի միջից ընտրում է հաղթողին, ամենամյա ցածրաճաշակության փառատոն է: Ճոխության հանդեպ պարոն Ալիևի սերը, նրա` ուժեղ տղամարդու բեղերը, և անձի պաշտամունքը որը նա ստեղծել է իր հոր`Հեյդարի շուրջ, և որից էլ ժառանգել է աթոռը 2003 թվականին, համապատասպանում է ռետրոյին: Ցավոք սրտի, նրա ռեժիմը ունի նաև որոշ ոչ այնքան զվարճալի կողմեր, որը ցույց է տալիս, որ «Եվրատեսիլի» նման խրախճանքի կազմակերպիչներն ավելի ուշադիր պետք է լինեն հյուրընկալող երկրի հարցում:
Երգերի հետևում մնացած պատմությունը շատ տխուր է: Պարոն Ալիևի դեմ իրականացվող ցույցերը, հատկապես կեղծված ընտրություններից հետո, մշտապես ճնշվել են: Նրան քննադատողները ծեծի են ենթարկվում և բանտ ուղարկվում: Սակայն ոչ միայն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն են մթագնում Եվրատեսիլային կրկեսը. որոշ իրավունքներ ոտնահարվել են հենց հանուն մրցույթի: Իրավապաշտպանների խոսքով ` մի շարք ընտանիքներ բռնի կերպով վտարվել են իրենց տներից, որպեսզի այդ տեղում համերգասրահ կառուցվի:
Աբսուրդային, սակայն սարսափելի է նաև այն փաստը, որ նախորդ «Եվրատեսիլների» ժամանակ ադրբեջանցիները հետապնդումների են ենթարկվել Հայաստանի օգտին քվեարկելու համար:
Միջոցառման նախապատրաստման համար ծախսված հսկայական գումարներն արդեն իսկ աբսուրդային են մի երկրի համար, որտեղ շատերը զրկված են տարրական կարիքների հոգալու հնարավորությունից, չնայած մայրաքաղաք Բաքվի կենտրոնում արտասահմանյան մեքենաների խցանումներին:
Բայց ինդուլգենցիան էլ սահմաններ պետք է ունենա:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարում են, որ մրցույթը ապաքաղաքական է. նրանք պնդում են, որ այսպիսի մրցույթները միջազգային բարի կամքի դրսևորմանն է նպաստում: Սակայն այն քարոզչության շատ լավ միջոցի է վերածվում:
1991 թվականի անկախացումից հետո Եվրատեսիլը Ադրբեջանում տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունն էր և այն ներկայացվեց որպես դիվանագիտական ձեռքբերում:
«Եվրատեսիլը» շատ ավելի կարևոր բան կաներ խաղաղության և եղբայրության զարգացման համար, եթե մերժեր Ադրբեջանին մրցույթն այնտեղ անցկացնելու հարցում: