Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ընկերության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի)» ծրագիրը կազմվել է ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով: Այս մասին ահազանգում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:
Տարածած հաղորդագրության մեջ նախաձեռնությունը առնվազն 20 խախտումների շարքում առանձնացրել է այն, որ ընկերությունը չի տրամադրում ստույգ տեղեկատվություն, թե ինչ հեռավորության վրա է գտվում հանքը բնակավայրից, քանի մարդ է այդ համայնքում ապրում և ինչն է նրա ապրուտի միջոցը, կան տարածքում արդյոք Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր, ինչպե՞ս է տեղափոխվելու և պահվելու հանքավայրի պայթեցման համար նախատեսված 60 տոննա պայթուցիկը: Դրա հետ կապված ռիսկերին ընդհանրապես անդրադարձ չկա:
ՇՄԱԳ ծրագիրը ուսումանսիրած բնապահպանները անհանգստացած են նաև ջրային ռեսուրսների վրա ազդեցության հետևյալ ձևակերպումը, թե «Անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ` շնորհիվ շրջանցող առվակների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ հանքի խորոչները լցվող հոսքերը հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը»:
«Նախ, եթե հեռացվում են առանց աղտոտվելու, ո՞ւր են հեռացվում, ո՞ր առուներն ու վտակներն են լցվում: Երկրորդ, արդյո՞ք 24 հա տարածքում հնարավոր է անձրևւաջրերի և ձնհալքի հոսքերի կառավարում այնպես, որ դրանք չարտահոսեն: Շրջանցող առվակների և կառուցվելիք կյուվետների թվի ու տեղադրության մասին ՇՄԱԳ-ում ոչինչ չկա»,- հարցադրումներ են անում բնապահպանները և նշում, որ եթե հաշվի առնել այն փաստը, որ հետագայում գործարկվելու է նաև հարստացման ֆաբրիկա, որի ազդեցության մասին ոչ մի խոսք չկա ՇՄԱԳ-ում, ապա միանշանակ այս ծրագրի իրագործումն անթույլատրելի է: