ՀՀ սահմանադրական դատարանում այսօր Հայ Ազգային Կոնգրեսի դիմումի քննությունը հետաձգվեց, քանի որ դիմողը մեկ աշխատանքային օր է խնդրել պատասխանողի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր պատասխաններին ծանոթանալու համար:
Հիշեցնենք,որ ՀԱԿ-ը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Կոնգրեսը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը հարցեր էր ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ելույթ էր ունեցել ավելի վաղ: Դիմողի կողմից գրավոր պատասխանաններին ծանոթանալուց հետո դատական նիստը կվերսկվի վաղը` ժամը 12.00-ին:
Այսօրվա նիստի ավարտից հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց կողմից բարձրացված հիմնական հարցի վերաբերյալ, ըստ էության, «որևէ լուրջ հակափաստարկ չի բերվել»:
«Մեր հիմնական հարցադրումը վերաբերում էր Հանրապետության նախագահի (Սերժ Սարգսյան), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչությանը մասնակցելու հավասարության սկզբունքի խախտմանը: Ինչպես բոլորս լսեցիք, պատասխանող կողմի ներկայացուցիչը մեր կողմից բերված փաստերին և այդ փաստերի հիման վրա բերված դատողություններին ընդամենը հակադրեց ԸՕ-ի դրույթներից մեջբերումներ և որոշ վերլուծություններ, որոնք, ըստ էության, չունեն իրավական հիմք: Նա նշեց, որ օրենսգրքով այդ անձանց մասնակցությունը նախընտրական քարոզչությանը արգելված չէ, մինչդեռ մեր դիմումում բերված դիրքորոշումը հիմնված էր հենց Սահմանդրության 4-րդ հոդվածի վրա (Հոդված 4 – Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ)», – նշել է փաստաբանը:
Դիմող կողմի կարծիքով, ՀՀ նախագահն ԱԺ ընտրություններից առաջ աշխատանքային այցեր անվան տակ Երևանում և մարզերում ակտիվ քարոզչություն է արել, ինչը խախտում է 4-րդ հոդվածով ամրագրված հավասարության սկզբունքը:
Գրիգորյանը նշել է, որ պատասխանող կողմն իրենց այդ փաստարկին որևէ անդրադարձ չի արել:
«Երկրորդ կարևոր հանգամանքն ընտրական մարմինների արդյունավետության բացակայույթյունն էր որպես իրավունքի պաշտպանության մարմիններ: Սրան որոշ հակափաստարկներ ներկայացրեց պատասխանող կողմը, բայց, այնուամենայնիվ, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Այս մարմիններն առաջին հերթին չեն իրականացրել ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման և անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող համակարգի հիմնական գործառույթը, արդյունավետ չեն եղել ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից», – ասել է Վահե Գրիգորյանը:
Փաստարկների երրորդ խումբը, որոնց մասին խոսել է Գրիգորյանը, վերաբերել է միջազգային դիտորդների կողմից բերված ընտրախախտումների փաստերին, որը, փաստաբանի խոսքով, պատասխանող կողմն ընդամենը վերացականորեն անվանել է անհիմն և, ըստ էության, որևէ այլ հակափաստարկ չի բերել:
Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ ԿԸՀ-ն ՀՀ գործադիր իշխանության հանձնաժողովի է վերածվել: Բացի դա, նա ասել է, որ իրենք դիմումին կից փաստարկներ են ներկայացվել բացատրություններով, թե որքան կախվածություն ունի այս հանձնաժողովը գործադիր իշխանության մարմիններից, գործադիր իշխանության մարմիններում և Հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից, մասնավորապես, Հանրապետության նախագահից:
«Եվ, բնականաբար, նա պիտի արդարացնի գործադիր իշխանության մարմիններում ներգրավված անձանց վերընտրությունն օրենսդիր մարմնում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ արդարացում: Ընդհուպ մինչև քաղաքական մեկնաբանություններով ու հայտարարություններով: Եթե դուք լսում էիք ԿԸՀ-ի նախագահի կողմից երեկ հնչեցրած հարցերը, որոնք գրավոր փոխանցվեցին մեզ, ինչպես նաև այսօր նրա բացատրությունները, դրանք կարող են տպավորություն ստեղծել, թե քաղաքական ուժի մամուլի խոսնակի հայտարարություններ են ավելի շատ, քան` պետական մարմնի ղեկավարի», – ասել է Վահե Գրիգորյանը:
Վերջինս նաև նշել է, որ ամենակարևոր հանգամանքներից մեկը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից արված վերլուծությունն էր, համաձայն որի որոշ տեղամասերում քվեարկությանը երեք ժամ շարունակ այնքան մարդ է մասնակցել, որ միջինը յուրաքանչյուր անձ ընտրությանը տրամադրել է 10-15 վայրկյան, ինչը հնարավոր չէ:
«Սա ուղղակի ցնցող տվյալներ են: Մասնագետների դիրքորոշմամբ` նվազագույնը 50 վայրկյան է կազմում մասնակցությունը, բայց դա շատ լարված վիճակում և ժամացույցի մեխանիզմի պես աշխատող», – նշել է Վահե Գրիգորյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ ՍԴ դատավորներն առանձնապես լուրջ չվերաբերվեցին այդ տվյալներին:
Լուսանկարը` hraparak.am