Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չեղած Ազգային Ժողով է, և միջազգային հանրությունը չպետք է այն ընդունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը, ով ընտրություններին առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում:
«Ունենալով փոքր թվով պատգամավորներ` ՀԱԿ-ի համար դժվար կլինի ժողովրդավարական սկզբունքներ հաստատել մի ԱԺ-ում, որտեղ իշխում է առևտրի, փողի համակարգը: Համենայնդեպս, ՀԱԿ-ն ընտրված է, նա մանդատներ չի գնել: Բոյկոտել ԱԺ-ն նշանակում է բոյկոտել պայքարը: Այդ յոթ մանդատը պետք է լինի արտախորհրդարանական պայքարի շարունակությունը: Բնականաբար 7 ձայնը չի կարող կանխել որևէ վտանգավոր օրենքի նախագիծ: Խմբակցությունը պետք է գործի արտախորհրդարանական պայքարի հետ միասին»,- ասել է Առուստամյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հեռանկարին` ՀԱԿ անդամն ասել է, որ Կոնգրեսը միշտ բաց է համագործակությանը` ռեժիմի դեմ պայքարում:
«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն պետք է գործուն քայլերով ապացուցի, որ կեղծ քաղաքականություն չի վարում: ԲՀԿ առաջնորդն էլ խոսում էր ընտրակեղծիքների մասին, հայտարարում էր, որ իր խոսքը գործ է: Եթե ԲՀԿ-ն իսկապես գործի և չշարժվի իր տնտեսական շահերը պաշտպանելու տրամաբանությամբ, համագործակցություն կլինի: Մի քանի ԱԺ նիստ լինելուց հետո պարզ կլինի ԲՀԿ-ն խաղե՞ր է տալիս, թ՞ե ոչ», – ասել է Առուստամյանը` հավելով, որ անձամբ ինքը հավանական չի համարում, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր ուժ: