Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում (ՍԴ) իր ելույթի ընթացքում, մասնավորապես, նշել է, որ ընտրությունների օրը տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօր ՍԴ-ում Հայ Ազգային Կոնգրեսի դիմումի քննության ժամանակ, որը վերաբերում է մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն, Մուկուչյանը միջնորդել է, որպեսզի ՍԴ-ն մերժի ընդդիմադիր ուժի հայցը:
Խոսելով մայիսի 6-ի առավոտյան դրոշմակնիքների անհետացման մասին` Մուկուչյանը նշել է, որ այդ ահազանգը ստանալուն պես իրենք միջոցներ են ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Նշենք, որ ընդդիմությունը պնդում է, որ անձնագրում դրվող կնիքների ցնդելուց հետո կրկնակի քվեարկության հնարավորություն է ստեղծվել:
ՀԱԿ-ը դիմումում նշել է նաև, որ Գորիսում, որն ընդգրկում է թիվ 37 ընտրատարածքը Կոնգրեսի վստահված անձանց ահաբեկել են և նրանք հրաժարվել են մասնակցել ընտրություններին: ԿԸՀ նախագահը հերքել է դա:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ Տիգրան Մուկուչյանի փաստարկները լսելուց հետո հարց է ուղղել նրան, թե ինչու նա այդ օրը դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներից որևէ մեկի հետ չի համաձայնել:
Մուկուչյանը պատասխանել է, որ նրանց արձանագրած խախտումները կոնկրետ դեպքերով ներկայացված չեն եղել:
Այս պահին ՍԴ-ում հայտարարվել է ընդմիջում, որից հետո հարցեր տալու հերթը Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը ներկայացնող Վահե Գրիգորյանինն է:
Լուսանկարը` azatutyun.am