Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել: Երբ չինացի լրագրողը փորձել է պարզաբանումներ ստանալ, թիկնազորի ներկայացուցիչն ասել է. «Ընկեր, չի թույլատրվում ու վերջ»:
Միջադեպին խառնվել են նաև Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները: Լրագրողը նշել է, որ բավական կարևոր լրատվական գործակալություն է ներկայացնում` ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ինչո՞ւ եք արգելում, հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դա բնական է, նրա մարդկային կերպար է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել: Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն», – վրդովված նշել է լրագրողը:
Սակայն նրան մինչև վերջ համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին, նշում է թերթը: