Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները երկրի նախագահ Իլհամ Ալիևի վրա հարձակում նախապատրաստող զինված հանցավոր խմբավորում է վնասազերծել:
Ինչպես 1news.az-ին հաղորդել է նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը, հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ «մի խումբ մարդիկ` Վուգար Պադարովի գլխավորությամբ, երկրում հասարակական կարգի խախտման նպատակով հարձակում էին նախապատրաստում նախագահ Իլհամ Ալիևի վրա»:
Միաժամանակ, ահաբեկիչները մտադիր էին պայթյուններ իրականացնել ուխտագնացության վայրերում, մզկիթների և այլ կրոնների պատկանող շինությունների մոտ:
«Նպատակ կար հարձակում գործել ոստիկանական բաժինների վրա իրավապահ մարմինների աշխատակիցներին վերացնելու և տաբելային զենքի տիրանալու նպատակով»:
Այսօր, ավելի վաղ հաղորդվում էր, որ խումբը ահաբեկչական դիվերսիոն ակցիաներ էր նախապատրաստում նաև «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ընթացքում: Ըստ գերատեսչության տվյալների` խոշոր պայթյուններ պետք է իրականացվեին Baku Crystal Hall համերգասրահում և Ադրբեջանի պետական դրոշի հրապարակում: