Կոտայքի մարզում Թեժսարի նեֆելինային սիենիտների (լեռնային տեսակ, որը պարունակում է ալյումին) հանքավայրի ծրագրի մասին հանրային լսումները, որոնք նախատեսված էին անցկացնել այսօր, չեն կայացել, քանի որ ծրագրի հեղինակ «Ալյումինիա Քորփորեյշն» ընկերությունը չի ներկայացել:
Համաձայն ծրագրի, Մարմարիկի ձորում շահագործման պատրաստվող նոր հանքավայրը զբաղվելու է ալյումինի արտահանմամբ:
Բնապահպան Հակոբ Սանասարյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Թեժ լեռան մոտ գտնվող հանքավայրից հանքաքարը սկսել են Հրազդան տեղափոխել դեռ խորհրդային տարիներին: Դա անելու համար մեծ գումարներ են ծախսվել, սակայն, հաշվի առնելով այն ահռելի վնասները, որ շահագործումը կարող էր հարուցել շրջակա միջավայրին, որոշվել է հանքը չշահագործել:
Սանասարյանի խոսքով` ռիսկերը իրոք հսկայական են, քանի որ հանքը գտնվում է մի տեղ, որը ընդգրկում է տվյալ տարածքի ողջ ջրային համակարգը` Փամբակ, Թեժ, Մարմարիկ և Հրազդան գետերը:
Մասնագետի խոսքով` խնդիրն այն է, որ այս գետերը ոչ միայն ոռոգում են Արարատի մարզը, այլև այստեղ են ձևավորվում նաև խմելու ջրի պաշարներ:
«Ընկերությունը խուսափում է գալ և մեր հարցադրումներին պատասխանել: Դատարկ ապարները, դրանք թացքնելու բան չեն, տոննաներով են գոյանալու, և անհնար է, որ գետը լցվեն և աննկատ մնան», – ասել է Սանասարյանը:
Բնապահպանը նկատել է նաև, որ Մարմարիկ գետը Բնապահպանության նախարարության կողմից համարվում է մոդելային գետ, այսինքն` այն ստեղծվել է նաև մարդկային միջամտությամբ` բնապահպանական նպատակներով, իսկ ալյումինի հանքի շահագործմամբ փաստորեն այն ևս վտանգի տակ է դրվում: