Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանին, ով նախորդ տարվա աշնանը թողել էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը՝ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար դառնալու նպատակով:
Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին գործադիր մարմնի անդամները քվեարկել են միաձայն: Այսօր ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո այս մասին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Աբրահամյանի տեղակալները նույնպես ՀՀԿ-ականներ են լինելու՝ ինքը՝ Էդուարդ Շարմազանովը, և Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ խոսնակը նաև ասել է, որ կուսակցությունը վարչապետի խնդիրը դեռ չի քննարկել: Նա կրկին հավաստիացրել է լրագրողներին, որ ՀՀ վարչապետն անպայման ՀՀԿ-ից է լինելու, իսկ գործադիրում լուրջ փոփոխությունների սպասել պետք չի: Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է գլխավորել Գալուստ Սահակյանը: