Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հերթական բողոքի ակցիան են անցկացրել սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը, մորաքույրը, հարևանները ու մի քանի ազգականներ, ովքեր դատախազության մոտ էին եկել Քրեակատարողական վարչությունից: Նրանք շարունակում են պահանջել 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել Քյարամ Ամոյանին, ով այս պահին առողջական ծանր վիճակում պառկած է Էրեբունի բժշկական կենտրոնում: Epress.am- ի թղթակցի հետ զրույցում Քյարամի մայրը` Կարինե Ամոյանը, ասել է, որ որդուն վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխել են հիվանդասենյակ ու տեղեկացրել, որ տղայի գլխում եղած արյան զեղումները մաքրելու համար իրենք պետք է վճարեն 145.000 և 45.000 դրամ:
«Ոչ մի դեպքում չեմ մուծելու, իմ պահանջը մեկն է՝ ազատել որդուս գրավի դիմաց ու թույլ տալ երեխայիս բուժել ինձ ծանոթ բժշկի մոտ, ինչից հետո պատրաստ եմ նրան կրկին հանձնել իրենց, ու թող կանգնի արդարադատության առաջ, սակայն միայն բուժվելուց հետո», – ասել է մայրը:
Նրա խոսքով՝ ինքը պետությունից անհնարինը չի ուզում, ուղղակի խնդրում է թույլ տալ որդուն տանել համապատասխան բուժման:
«Ես չեմ հավատում, որ այդ մոտ 200.000 դրամը մուծելուց հետո իմ երեխային իսկապես կբուժեն: 8-9 ամիս երեխայիս տանջում են, հիմա էլ մահամերձ տարել են, հիվանդանոցում շպրտել, հետո էլ ասում են՝ շատ վատ ես անում, որ գալիս ակցիա ես անում, դրանով վնասում ես երեխուն. ասեք, տեսնեմ սրանից վատը ո՞րն է, երեխես մահամերձ է, թողնեմ, որ մեռնի՞», – ասել է տարակուսած մայրը:
Նա նշել է, որ ինքն այլևս ժամանակ ու համբերություն չունի, ուստի դիմելու է Եվրոպական դատարան ու ՄԱԿ-ի գրասենյակ:
«Վեշի պես քշում են այս ու այն կողմ, մարդ ենք, չէ՞, սա ինչ վերաբերմունք է, վերջապես այս ի՞նչ երկրում ենք ապրում: Գնում ենք նախագահական նստավայր, ուղարկում են դատախազություն, դատախազությունն ուղարկում է Քրեակատարողական վարչություն, այնտեղից էլ չգիտեմ՝ ու՞ր, ինչքա՞ն կարելի է», – ասել է Քյարամի մորաքույրը՝ Ռուզաննան:
Կարինե Ամոյանի հավաստմամբ՝ դեպքի ժամանակ իր որդին գտնվել է Կրասնոդար երկրամասում ու ոչ մի կապ չունի հանցավոր խմբի հետ, հետո երբ Հայաստան է եկել, պառկել է հիվանդանոցում և դուրս է եկել հորեղբոր որդու թաղմանը մասնակցելու համար:
«Քյարամին ձերբակալել են Արարատում ՝ հենց գերեզմանատանը, ու անգամ թույլ չտվեցին տղաս եղբորն հանձներ հողին: Մեծ որդիս Հայաստանի ըմբշամարտի կրկնակի չեմպիոն է, փոքր որդիս ֆուտբոլիստ, քրոջս որդին ինչքան մեդալներ ունի և ու՞մ համար են՝ Հայաստանի, որ մեզ տանջամահ է անու՞մ: Ես հենց հիմա պահանջում եմ՝ թող երեխայիս այդ վիճակով հենց հիմա տանեն բերդ, մենք էլ այստեղից գնում ենք ու 80 հոգով անցնում ենք Թուրքիայի սահմանը ու հանձնվենք, մնացած եզդիները կգան մեր ետևից: Թող ճշտեն, որ Զեյթունում Հանրապետական կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, ու այդ ամբողջն իմ շնորհիվ: Ինչի՞ համար եք մեզ տանջում, բա ես երկրի ղեկավար եմ ընտրել, իրավունք չունենա՞մ այդ ղեկավարին տեսնեմ, էլ ինչի՞ համար եմ ապրում այստեղ: Այսուհետ մենք բացարձակ անելիք ու գործ չունենք Հայաստանում», – շեշտել է Կարինե Ամոյանը` հավելելով, որ այսօր Գլխավոր դատախազությունում իրեն ասել են, թե ինքը նամակ է գրել, ուստի թող սպասի նամակի պատասխանին:
«Երեխուս կյանքը մազից է կախված, ինձ ասում են՝ սպասի նամակիդ պատասխանին: Թող դատախազությունը գրավոր ներկայացնի, որ պատասխանատու է երեխայիս կյանքի համար, ես էլ այստեղից կգնամ», – ասել է Ամոյանը:
Այս պահին, քանի որ մայրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մուծում չի կատարել, որդուն տեղափոխում են Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: